Գալուստ Սահակյանը նոր բացատրական բառարանի հեղինակ է
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Գրիգորիչը կրկին աչքի է ընկել իր հերթական «գալուստիզմով»՝ մտքերի փորլուծությամբ: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ գողության մասին էր խոսում, այդ գողերը պետք է պատժվե՞ն, թե՞ ոչ, պատասխանեց. «Այսինքն՝ ձեր խնդիրը գողություն բա՞ռն է: Կառավարության մեջ գործառույթներ կան, որոնք ճիշտ ձևով չեն իրագործվում, և առաջացնում են որոշակի բողոքներ, որին համարեց գողություն: Գողություն՝ ոչ թե գողական ասպարեզի մարդիկ գողանում, տանում են, չգիտեմ՝ ինչեր են անում, այլ պարզապես չկիրառելը համարեց գողություն»: Այո՛, հենց այսպես էր ընկալել վարչապետի ասածը ՀՀ վաստակավոր «մաեստրոն»... Լրագրողի ճշտող հարցադրմանն ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Բացատրեմ. ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՂԱՆԱԼ ԲԱՌԸ ՉԷ: Այսինքն՝ այն երևույթը, որը կառավարութան անդամները ներքևից մինչև վերև պետք է օգտագործեն, երբեմն-երբեմն դա չի կատարվում: Եվ դա համարվեց որպես գողություն: Իսկ եթե որևէ մեկը՝ ես կամ դուք, գիտեք՝ ովքեր են գողերը, դա ինչ-որ հայտարարելու բան չի: Դրա համար հատուկ հիմնարկներ կան, որտեղ գրում ես, որ սա գող է, և այդ գողին բռնում, տանում, բանտարկում են»:
Գալուստ Սահակյանին ընկալելն արդեն բավական դժվար է: Վերջին մի քանի օրվա մեջ սա արդեն երկրորդ «գալուստիզմն» է: Այդ «գալուստիզմներից» մի փոքր ձերբազատվելու համար ևս կան հատուկ հիմնարկներ, և ժամանակն է, որ Գալուստ Սահակյանն այդ հիմնարկում մի փոքր հանգստանա և ապաքինվի...
Մեկ առաջարկ ԱԺ աշխատակազմին. Գալուստ Սահակյանի մտքի գոհարները չկորցնելու համար առաջարկում եմ դրանք մի տեղ հավաքել և գիրք հրատարակել կամ էլ Գ.Սահակյանին պատվիրել կազմել նոր բացատրական բառարան...
Հ.Գ. ՀՀ-ն այն երկիրը չէ, որ իրեն թույլ է տալիս այնպիսի շռայլություն, որ Գ.Սահակյանը մինչև հիմա ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնն է զբաղեցնում: Ժամանակն է, որ սույն քաղաքական գործիչը գնա հանգստի...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: