«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ՀՀ կառավարությունը իր երեկվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ 2017 թ. պետբյուջեի նախագիծը:

«Դատելով բյուջեի ցուցանիշներից, հաջորդ տարի մեր երկիրը ավելի վատ է ապրելու: Մասնավորապես, ծախսերը էականորեն կրճատվելու են:

Սակայն թվական որոշակի անճշտություններ կան, որոնք թույլ չեն տալիս «հաշվարկել», թե որքանով է վատ լինելու: Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե 2017 թվականին բյուջեի ծախսերը այս տարվա համեմատ կրճատվելու են 100 միլիարդ դրամով, սակայն համեմատելով այս և հաջորդ տարվա բյուջեները, պարզ է դառնում, որ ծախսերը կրճատվում են 17 միլիարդ դրամով: Եկամուտների մասով ևս անհստակություն կա: Վարչապետը հայտարարեց, թե եկամուտները աճելու են 70 միլիարդ դրամով, սակայն փաստաթղթերով աճը միայն 24 միլիարդ է:

Թվային այս տարբերությունները թերևս պայմանավորված են նրանով, որ վարչապետը համեմատությունը արել է ոչ թե 2016 թ բյուջեի մասին օրենքի, այլ սպասվող ցուցանիշների` այսինքն կատարողականի հետ: Եթե դա այդպես է, ապա այս տարվա բյուջեն էականորեն թերակատարվելու է թե՛ եկամուտների, և թե՛ ծախսերի մասով»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: