Հուլիսյան դեպքերի ժամանակ ՊՊԾ գունդ սեփական մեքենայով սնունդ հասցրած նախկին ազատամարտիկ Արթուր Սարգսյանին՝ հաց բերողին, ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է սկսվել www.change.org կայքում, որին միացել են արդեն հարյուրավոր քաղաքացիներ:
Ըստ ստորագրահավաքի մասնակիցների՝ «Արթուր Սարգսյանը խղճի բանտարկյալ է»: «Խղճի բանտարկյալն անձ է, ում ֆիզիկական ազատությունը սահմանափակվել է բանտարկությամբ կամ այլ միջոցով` իր քաղաքական, կրոնական կամ այլ համոզմունքների համար: Միաժամանակ խղճի բանտարկյալ չի համարվում մարդն, ով բռնություն է գործադրում կամ քարոզում է բռնություն և թշնամություն»,-ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ օրերս Վերաքննիչ դատարանը մերժել էր Արթուր Սարգսյանի փաստաբանների ներկայացրած բողոքը՝ խափանման միջոց կալանքը վերացնելու մասին: Դատարանը մերժել էր նաև որպես խափանման միջոց գրավ կիրառելու միջնորդությունը:
Օգոստոսի 2-ին Արթուր Սարգսյանին, որը ՊՊԾ գնդում գտնված «Սասնա ծռերի» անդամներին սնունդ էր հասցրել, նույն մեղադրանքն էր առաջադրվել, ինչ խմբի մյուս անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Սակայն օգոստոսի 4-ին փոխվել էր Արթուր Սարգսյանի մեղադրանքը, և այժմ նա մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին (ապօրինի զենք պահելուն և պատանդ պահելուն օժանդակելու) օժանդակելու համար: