Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը, Երևանի Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թյությունջյանի դիմումի քննության շրջանակներում, մայիսի 24-ի նիստում նախատեսում է լսել դիմումի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի պարզաբանումները:

Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, ԱԺ-ի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մայիսի 17-ի դռնփակ նիստում որոշել է վարույթ ընդունել Ա. Թյությունջյանի դիմումն ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի:

Դիմումի քննությունը համարվել է սկսված: Հարցի քննարկման և դրա վերաբերյալ հանձնաժողովին եզրակացություն ներկայացնելու նպատակով հանձնաժողովի ներկայացուցիչ է նշանակվել «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:

Ա.Թյությունջյանը բողոքել է ընդդեմ ԱԺ պատգամավորի, ով իր հետ հեռախոսազրույցում, ըստ դիմումատուի, օգտագործել է պատգամավորին և կնոջը ոչ վայել բառապաշար: Ըստ Ն.Կարապետյանի, «ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է», և հարցը հանձնաժողովում քննարկվելու դեպքում ինքը պահանջելու է, որպեսզի այդ նիստը լինի դռնբաց:

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, Էթիկայի հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց: