«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Նախօրեին իսկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է իր մի քանի կուսակիցների հետ:
Թեև Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նման հանդիպում չի եղել, բայց, մեր տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը, Վահան Կարապետյանը և Աբրահամ Մանուկյանն են մասնակցել այդ հանդիպմանը:
Ընդ որում, նրանք հնարավորինս աննկատ՝ մի մեքենայով են գնացել Գագիկ Ծառուկյանի մոտ, որ ուշադրություն չգրավեն: Քննարկվել է Ծառուկյանին քաղաքականություն և ԲՀԿ վերադարձնելու մեկնարկը տալու հարցը: Հատկանշական է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Ազգային ժողովի նիստերից տևական ժամանակ բացակայած Աբրահամ Մանուկյանը, որը ըստ մամուլի հրապարակումների, տարեսկզբին խոշոր գումար էր վերցրել ԲՀԿ-ից ու անհետացել:
Եվ հիմա, երբ Մանուկյանը վերադարձել է, քաղաքական շրջանակները դա պայմանավորում են Գագիկ Ծառուկյանի վերադարձով: Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանուկյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, թե հոկտեմբերի կեսերին կհայտարարի իր անելիքների մասին: Սպասվում է, որ այդ ժամանակ նաև Ծառուկյանի վերադարձի ուղղությամբ էլ տեսանելի քայլեր ու հայտարարություններ կարվեն, թեև հիմա էլ դրանք որոշ չափով տեսանելի են»:
Ավելի մասնրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: