«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության հին «գվարդիան» ցայտնոտի մեջ է: Նրանք մասնավոր զրույցներում նեղսրտած ասում են, որ որևէ երաշխիք չկա հաջորդ խորհրդարանում հայտնվելու մասով, և, դատելով կառավարությունում կադրային փոփոխություններից, իրենց ևս չեն խնայի:

«Դե, եթե Բեգլարյան Գագո, Յոլյան Լևոն, Հովիկ Արգամիչ, Սուրիկ Խաչատրյան հանում են, մեզ կհանեն՝ առանց աչք թարթելու, մոռանալով ընտրություններին փող ծախսելու ու ձայն բերելու մեր գործը: Գիտեն, թե իրենց բերած նոր մարդիկ կարան մեր պես աշխատեն»,- ասում է հին ՀՀԿ-ականը:

ԱԺ գեներալիտետին` Սեյրան Սարոյան, Մանվել Գրիգորյան, նրանց ընկեր Առաքել Մովսիսյան, արդեն հասկացրել են, որ մոտեցումներ, վերաբերմունք է փոխվել, հանգիստ նստեք տեղներդ:

Ի դեպ, ասում են, թե մեզանում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնն զբաղեցնելուց առաջ նաև իրենց հրաժարականների դիմումներն են գրում: Դիմումները «ննջում են» Բաղրամյան 26-ի դարակներում և անհրաժեշտ պահի օգտագործվում` համապատասխան ամսաթվի մակնշմամբ: Այնպես որ՝ պաշտոնյաները չեն զարմանում, երբ, օրինակ, ծովափին հանգստանալիս իմանում են, որ իրենք հրաժարականի դիմում են գրել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: