Կառավարության այսօրվա որոշման համաձայն՝ ԼՂՀ և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլյան քառօրյա ռազմական բախումների հետևանքով առաջացած իրավիճակը պարտավորեցնում է զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար սահմանել արագ արձագանքման մեխանիզմներ:
Այս մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և նշեց, որ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելու, ինչպես նաև կամավորականի զոհվելու կամ անհայտ կորած համարվելու դեպքերում համապատասխան տեղեկությունները զինկոմիսարիատը աջակցության տարածքային մարմիններին կհայտնի եռօրյա ժամկետում:
«Սա նշանակում է, որ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը) սկսում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական դեպքի վարման գործընթացը, ձևավորում բազմամասնագիտական խումբ` տվյալ ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան»,-ասաց նա:
Արտեմ Ասատրյանն ասաց, որ խումբն իր գործունեությունը ծավալելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների, իսկ աջակցող ցանցի ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները կամ կամավոր ֆիզիկական անձինք` իրենց հնարավորությունների և կարողությունների շրջանակում` որպես սոցիալական դեպքի վարման շրջանակում անհատական սոցիալական ծրագրով նախատեսված միջոցառումներ: