Պայմանագրի Հայաստանին վերաբերող մասը, հաջորդելով նույն թվականի մարտի 16-ին ռուսների և թուրքերի միջև կնքված «Եղբայրության և բարեկամության» Մոսկվայի պայմանագրին, գրեթե նույնությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագրի դրույթները և հաստատում ժամանակակից Թուրքիայի սահմանները: Հիշեցնենք, որ Մոսկվայի պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները բոլոր թուրքաբնակ շրջաններում, այսինքն՝ Արևմտյան Հայաստանում: Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմին էր անցնում Արդվինը, Հայաստանից՝ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, Հայաստանից անջատվում և որպես ինքնավար տարածք Խորհրդային Ադրբեջանի պետական ինքնիշխանությանն էր անցնում Նախիջևանի գավառը, Շարուր-Դարալագյազի գավառի մեծ մասը և Երևանի գավառի մի մասը: Կարսի պայմանագրի կնքմանը արդեն մասնակցում էին հայկական, արդբեջանական և վրացական ԽՍՀՆ-երի ներկայացուցիչները: Կարսի պայմանագրի 1-ին հոդվածով ուժը կորցրած էին համարվում բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել էին պայմանավորվող կողմերի տարածքներում անցյալում ինքնիշխան կառավարությունների միջև: Չեղյալ էին համարվում այն պայմանագրերը, որոնք կնքվել էին երրորդ պետության հետ և վերաբերում էին Անդրկովկասի հանրապետություններին (բացառությամբ Մոսկվայի ռուս-թուրքականի): 2-րդ հոդվածով, որն առանձնապես կարևոր էր Թուրքիայի համար, կողմերը չէին ճանաչում «բռնի ուժով» պարտադրված ոչ մի պայմանագիր կամ միջազգային այլ ակտ. դա նշանակում էր, որ Խորհրդային Հայաստանը չի ճանաչում 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագիրը: Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանը որոշվում էր 4-րդ հոդվածով (ներկայիս սահմանը Թուրքիայի հետ): 5-րդ հոդվածով Թուրքիայի, Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների կառավարությունները համաձայնում էին Նախիջևանի մարզը որպես ինքնավար տարածք հանձնել Ադրբեջանի խնամակալությանը: Պայմանագրի 10-րդ հոդվածով կողմերը պարտավորվում էին թույլ չտալ իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների կամ խմբերի գոյությունը, որոնք պայմանավորվող մյուս կողմի դեմ պայքարի նպատակ ունեն:
Դավիթ Ֆիդանյանի ֆեյսբուքյան էջից: