Կարսի կոնֆերանսը սկսվեց 1921թ. սեպտեմբերի 26-ին: Խորհրդային Հայաստանի պատվիրակության նախագահն էր արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը, անդամներից` Պողոս Մակինցյանը, կային նաև խորհրդականներ:
Մոսկվայի պայմանագրով գծված սահմանները բավականին ընդհանուր բնույթ էին կրում, ուստի Կարսում պետք է լրացվեր այդ բացը. ստեղծվեց սահմանագծային հանձնաժողով (Խորհրդային Հայաստանը ներկայացնում էր Վլ. Թամրուչին):
Բարձրացվեց Թուրքիային անցած Անիի և Կողբի պատկանելության հարցը, որը վիճելի չէր. Կարաբեքիր փաշան հայտարարեց, որ թուրքական պատվիրակությունը սկզբունքորեն դեմ չէ Անին վերադարձնելուն, բայց պետք է այդ մասին հարցում անի կառավարությանը:
Սակայն հետագայում պարզվեց, որ թուրքերը խիստ անհաշտվողական են և հրաժարվեցին զիջել ոչ միայն Անիի ավերակները, այլև Կողբի աղահանքերի կոնցեսիաները: Քեմալական պատվիրակության անհաշտ դիրքի պատճառով չհաջողվեց լուծել նաև Ալեքսանդրապոլի թալանված գույքը վերադարձնելու հարցը:
Պայմանագիրը ստորագրվեց հոկտեմբերի 13-ին. բաղկացած էր 20 հոդվածից, 2 հավելվածից: ՀԽՍՀ կողմից պայմանագիրը ստորագրեց Մռավյանը, Մակինցյանը, Վրաստանի կողմից` Շալվա Էլիավան և Ալեքսանդր Սվանիձեն, Ադրբեջանի կողմից` Բեհբուդ Շահթախթինսկին, Թուրքիայի կողմից` Քյազիմ Կարաբեքիրը և երեք այլ անդամներ, ՌԽՖՍՀ կողմից` Լատվիայում լիազոր-ներկայացուցիչ Յակով Գանեցկին:
Կարսի պայմանագրի շատ հոդվածներ բառացիորեն կրկնում էին Մոսկվայի պայմանագրի համապատասխան հոդվածները, և այդ առումով Կարսի պայմանագիրը չի կարելի դիտարկել որպես ինքնուրույն միջազգային իրավական ակտ:
Հայ բոլշևիկներին, իհարկե, հետաքրքրում էր Հայաստանի ճակատագրի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը, բայց քննարկումներին նրանց մասնակից չէին դարձնում: Դեռևս 1921-ի փետրվարին Մոսկվայում գտնվող Հայաստանի Հեղկոմի անդամ Ա.Մռավյանը տեղեկացնում է Հայաստանի Արտաքին գործերի ժողկոմ Ալեքսանդր Բեկզադյանին.«Մենք այցելել ենք Լենինին, Տրոցկուն, Չիչերինին և Կարախանին: Ստալինին չկարողացանք տեսնել նրա կույր աղիքի պրիստուպի պատճառով: Լենինը համաձայն էր Անկարայի կառավարության՝ կոմունիզմի դեմ դուրս եկող սոցիալական էության մեր գնահատականին, բայց ասաց, որ Ռուսաստանը չի կարող և չի ուզում կռվել «թուրքերի դեմ», հատկապես Կարսի պատճառով, որը նրա կարծիքով, թուրքական քաղաք է: «Լենինն ասում է», որ «Մենք ժամանակավորապես զոհաբերում ենք հայ աշխատավորության շահերը համաշխարհային հեղափոխության շահերին: Մենք չենք պատրաստվում Հայաստանի համար կռվել որևէ մեկի դեմ, հատկապես՝ Քեմալի»: Լևոն Կարախանն էլ հղում անելով Կարաբեքիրի անկոտրում կամքին ու հեղինակությանը, հայտնել էր, որ Կարսի ու Նախիջևանի հարցով անհնար է զիջումների հասնել թուրքերի հետ»:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Կարսի պայմանագիրը. Կարսի մարզը և Սուրմալուն ամբողջությամբ տրվեց Թուրքիային, Նախիջևանը համարվեց Ադրբեջանի հրամանատարության ներքո գտնվող տարածք մի պայմանով, որ երրորդ կողմին չպետք է հանձնվի (այս պարագայում երրորդ կողմ հանդիսանում է Հայաստանը), որոշակի հրաժարում Սևրի պայմանագրից, Հայաստանի սահմանային գծի մոտ Ռուսաստանի առաջարկով 80-100 կմ շառավիղով անվտանգության գոտի ստեղծվեց, գծվեց Ախուրյան-Արփաչայ սահմանգիծը, որը մենք այսօր ունենք: Ունեցանք կոնկրետ տարածքային հսկայական կորուստ` 24 հզ քկմ, որն անցավ Թուրքիային:
Այդ չարաբաստիկ պայմանագրի կնքման վայրում, կա մի զրահամեքենա, որի վրա գրված է` «Լենինից Քեմալին»:
Արմեն Հովասափյան