«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վանաձոր» բժշկական կենտրոնի շուրջ տևական ժամանակ է՝ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծննդատան բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը դեռևս 2013-ին ծնունդ է ընդունել, որից հետո ծննդկանին նարկոզից դուրս չեկած վիճակում մենակ է թողել և հեռացել, ինչի հետևանքով ծննդկանը արդեն 3,5 տարի է՝ կոմայի մեջ է:
Այս դեպքով քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է: Հիվանդանոցը ծննդկանի հարազատներին պարտավորվել էր դրամական փոխհատուցում վճարել:
Ներկայումս ԲԿ-ն քաղհայց է ներկայացրել Դավիթ Շահվերդյանի և անեզթոզոլոգ Ալվարդ Հայրապետյանի դեմ՝ հետ պահանջելով տուժած ծննդկանի հարազատներին վճարված գումարը:
Շահվերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց վերը նշված դեպքը մեկնաբանել, ինչպես նաև հորդորեց այն չհամեմատել մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպի հետ:
Հիշեցնենք, որ Դ. Շահվերդյանի անունը կապվում է նաև հոկտեմբերի 18-ին նույն ԲԿ-ում ծննդկանի մահվան դեպքի հետ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: