ՀՀ արդարադատության նախարարության կողմից ԱԺ բերված օրինագիծը տպավորություն է ստեղծում, թե Հայաստանում բոլորը աշխատանք ունեն, մնում է աշխատանքի հարցը լուծենք նաև կալանքից ազատված դատապարտյալների համար ու «վերջ, բոլորը կլինեն գոհ ու երջանիկ»:
ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ Զբաղվածության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման շրջանակներում, որով առաջարկվում է դատապարտյալների համար ՔԿ-ում կրթական ծրագիր անցնել:
«Մարդասիրական առումով փայլուն նախագիծ է: Եկեք մի հատ էլ նախագիծ բերենք, որ պետք է ՀՀ բոլոր քաղաքացիները պարտադիր ունենան արժանապատիվ աշխատավարձ, ունենան աշխատատեղ: Հետո՞, դա հնարավո՞ր է իրականացնել»,- հեգնեց Նաիրա Զոհրաբյանը:
Միաժամանակ, պատգամավորը նաև նկատեց. «Պարապությունը հանցագործության դրդող մոտիվացիա է, լավ է, որ անում եք: Եկեք ՔԿ-ից դուրս լուծենք հանրության աշխատատեղի խնդիրը, նոր մտածենք այդ մասին: Դատապարտյալները գոհ ու շնորհակալ կլինեն, որ հարազատների հետ կարողանան «Սկայպով» խոսել, որ կարողանան ինքնակրթվել էլեկտրոնային գրքերով»:
Զոհրաբյանը շեշտեց, որ այս խնդիրներն ավելի հեշտ լուծելի են, քան ապագային միտված անորոշ այս հարցը, որը կարծես «գալչկա դնելու համար է»: