«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ռոբերտ Քոչարյանի թիմում էյֆորիկ տրամադրություն է տիրում։ Պատճառը ոչ այնքան այն է, որ նրա մերձավոր շրջապատը վերադառնում է իշխանության՝ զբաղեցնելով կարևոր պաշտոններ, որքան այն, որ գործող իշխանությունից «աբիժնիկների» մեծ բանակ է ձևավորվում։

«Աբիժնիկները», իհարկե, ձգտում են դեռ ոչինչ ցույց չտալ, անգամ հայտարարում են, թե «ով նեղանա, թող զույգ աչքով կուրանա», մասնակցում են իշխանական միջոցառումներին, բայց տակից սերտորեն շփվում են երկրորդ նախագահի և նրա թիմի հետ։ Շփումների պատասխանատուն հատկապես Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն է։

«Աբիժնիկները» հավատարմության երդումներ են տալիս երկրորդ նախագահին, բամբասում երրորդից, համեմատություններ անում ի վնաս վերջինի և խոստանում ապահովել նախկինի շռնդալից վերադարձը։ Քոչարյանի թիմում զվարճանում են այս ամենի և հատկապես գործող իշխանության ապաշնորհության վրա, որն ամեն ինչ անում է, որ նախկին նախագահի խաղաղ վերադարձն ապահովի։

Ընդ որում՝ ասում են, որ իրենց անելիքը չեն տեսնում՝ իրենց մնում է միայն սպասել։ Եվս մի քանի հզոր «աբիժնիկ», որն այս պարագայում կապահովի նոր կառավարությունը, և պալատական հեղաշրջման համար բոլոր պայմաններն ստեղծված կլինեն»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: