ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրականում Իրանն ավելի թանկ գազի գին է առաջարկում, քան Ռուսաստանը:
«Իրանը Թուրքիային շատ ավելի բարձր գին է առաջարկում, քան Ռուսաստանը մեզ»,-իր խոսքում նշեց Արմեն Մովսիսյանը:
Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ էր կառավարությունը թաքցնում գազի գնի բարձրացումը մինչև ընտրությունների ավարտը, Արմեն Մովսիսյանը պատասխանեց.
«Սա ընդհանրապես ընտրությունների հետ կապ չունի, բոլորս էլ գիտենք, որ սա էլ վերջնական գին չի, տարիներ հետո նորից նման խնդիր է առաջանալու: Երբեք էներգակիրների գները չեն իջնում, միշտ բարձրանում են: Ընտրություններից շատ ավելի առաջ այս մասին խոսվում էր, մենք պայմանավորվել էինք ռուսական կողմի հետ, որ մենք գազը Հայաստանում վճարելու ենք 180դոլարով ու ինչն արել ենք մինչև այսօր: Բանակցությունները մինչև վերջ ավարտված չեն, այսօր ֆիքսել ենք բանակցությունների արդյունքում այն, որ մեզ տրամադրվելու է ամենաէժան գներով, բայց սա դեռ վերջը չէ, որոշ ժամանակ հետո ասելիք կունենան»:
Լրագրողի այն դիտարկամանը, որ ՀՀ նախագահը նախընտրական շրջանում ասում էր, որ գազի գնի հետ կապված խոսակցությունները հերյուրանք են, ինչպես այն կբացատրի նախարարը, Արմեն Մովսիսյանն ասաց.
«Հիմա էլ է հերյուրանք, երբ որ գները կբարձրանան, այդ ժամանակ էլ պարզ կլինի:Հիմա ընդամենը բանակցում ենք»: