Անվանի արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ, Հայաստանի գրողների միության անդամ Ռուբեն Հովսեփյանի hոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ժամը 18.00-20.00 Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում /Ամիրյան 26/:
Գրողի մահվան կապակցությամբ ձևավորված կառավարական հանձնաժողովը որոշել է, որ գրողի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 12.00-ից 14.00 Հայաստանի գրողների միությունում /Բաղրամյան 3/: Հուղարկավորությունը Երևանի քաղաքային պանթեոնում:
Ռուբեն Հովսեփյանը ծնվել է 1939թ. մայիսի 5-ին, Երևանում: 1962-ին ավարտել է Երևանի համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 1965-66թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթում որպես արվեստի և գրականության բաժնի վարիչ, 1970-74-ին` «Սովետական գրականություն» ամսագրում` արձակի բաժնի վարիչ: 1974-75թթ. սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում: 1975-76թթ. եղել է ՀՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր, 1980-81-ին` «Սովետական գրականություն» ամսագրի գրական-գեղարվեստական գրականության բաժնի վարիչ, 1981-82–ին` «Սովետական գրող» /այժմ «Նաիրի»/ հրատարակչության գեղարվեստական գրականության բաժնի վարիչ, ապա գլխավոր խմբագիր: 1988-89թթ. ընտրվել է ՀԳՄ վարչության քարտուղար: 1989-ից «Նորք» հանդեսի տնօրենն էր, ապա գլխավոր խմբագիրը: Եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
1965թ. հրատարակել է «Որոնումներ» խորագրով վիպակների և պատմվածքների առաջին ժողովածուն: Այնուհետև հաջորդել են «Երկու վիպակ» /1970/, «Ամենատաք երկիրը» /1977/, «Երկար, հրաշալի օր» և «Ճայերը» /1980/, «Որդան կարմիր» /1984/, «Ծիրանի ծառերի տակ»
/2006/, «Նռներ» /2016/ և այլ ժողովածուները: Ռ. Հովսեփյանի սցենարներով «Մոսֆիլմում» և «Հայֆիլմում» նկարահանվել են «Հնձան» /1973/, «Ամենատաք երկիրը»/1983/, «Ապրիլ» /1985/, «Խնձորի այգին» /1985/ ֆիլմերը:
Ռուբեն Հովսեփյանի երկերը թարգմանվել են ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն և այլ լեզուներով: Հայ ընթերցողին նրա թարգմանությամբ ներկայացվել են Գաբրիել Գարսիա Մարկեսի, Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի ստեղծագործությունները:
Ռուբեն Հովսեփյանի վաստակը բարձր է գնահատվել պետության կողմից և ընթերցողների շրջանում: Արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան /1980/, Հրանտ Մաթևոսյանի անվան /2010/, ՀՀ նախագահի /2006/ մրցանակների, պարգևատրվել է «Մովսես Խորենացի» /2009/, և «Երախտագիտության» /2016/ մեդալներով: 2014թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման: