«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«… Տուգանքները ոչ թե վարորդներից փող կորզելու միջոց են, այլ դրանք կանխարգելիչ բնույթ ունեն»,- երեկ այսպիսի հայտարարություն է արել Սերժ Սարգսյանը իր իսկ հրավիրած մի խորհրդակցության ժամանակ, որը նվիրված է եղել «ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկմանը»: Սերժ Սարգսյանը խորհրդակցության վերջում հանձնարարել է ՀՀ ոստիկանապետին և Երևանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին»:
Եթե ավելի պարզ ձևակերպենք, սա նշանակում է, որ արագաչափերով ու տեսախցիկներով արձանագրված խախտումներից տուգանքները և այսպես կոչված «կարմիր գծերից» ստացվող եկամուտները պետք է ամբողջությամբ ուղղվեն պետական և տեղական բյուջեներ: Նախկինում գումարների հիմնական մասը գնում էր վերը նշված ընկերություններին, քանի որ նրանք են ներդրումներ կատարել այդ համակարգերը ստեղծելու համար: Ինչ վերաբերվում է նրան, որ «տուգանքները վարորդներից փող կորզելու միջոց չեն», ապա տեղին է նշել, որ տարեկան այդ «չկորզվող» գումարները կազմում եմ մեր պետբյուջեի մոտ մեկ տոկոսը: Այս ցուցանիշը գերազանցում է միջին եվրոպական ցուցանիշը գրեթե 15 անգամ: Այսինքն կորզում են, այն էլ ինչ կերպ: Պարզապես հիմա գումարները ամբողջությամբ կորզվելու են հօգուտ բյուջեի»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: