Մինչև դեկտեմբերի 1-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը և հակված է իջեցնել այն. այսօր Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
«Մեզ համար ակնհայտ է, որ եթե ջերմային կայանների համար գազի գինը 1000 խորանարդի համար սահմանվում է 15 դոլարով ավելի ցածր, ապա սակագների վերանայման և համապատասխան գնահատականի կարիք կա` գոնե այս գործոնով»,- ասաց նա:
Նազարյանը չհստակեցրեց, թե էլեկտրաէներգիայի սակագինն, ի վերջո, քանի դրամով կիջեցվի՝ պատճառաբանելով, որ սակագնի իջեցման բաղադրիչներ կան՝ պետք է հստակեցվեն էլեկտրաէներգիա արտադրող տարբեր կայանների սակագները և առկա ներդրումները:
«Ես խնդրում եմ, որ տաք մեզ 15-20 օր, որպեսզի ընկերություններից ստանանք նաև նրանց խնդիրները. մենք նոր ենք սկսել այս գործընթացը: Գիտեք նաև, որ այս տարի վարչապետը հանձնարարել է նոր սպառողական խումբ ունենալ՝ սոցիալապես անապահով խումբ, իսկ նրանց համար սակագինն ավելի ցածր կլինի, քան մյուս սպառողներինը: Սա էլ կհաշվենք և նոյեմբերի վերջին վերջնական կունենանք գազի սակագինը, որը կգործի հունվարի 1-ից, Մինչև դեկտեմբերի վերջը կունենանք էլեկտրաէներգիայի սակագինը, որը կգործի փետրվարի 1-ից»,- ասաց նա: