Սյունիք, ապա Ղարաբաղ մեկնած վարչապետը կանգ է առել Գորիսում և հանդիպում-զրույց ունեցել գորիսեցիների հետ։

«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ այդ հանդիպմանը ներկա է եղել նաև Սդղի գյոլում նախկին մարզպետի՝ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների կողմից դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրների մայրը՝ տիկին Անահիտը, որը վարչապետին շնորհակալություն է հայտնել «մարզը Լիսկայից ազատելու համար»՝ հայտարարելով, որ Կարեն Կարապետյանը միակ մարդն էր, որը նման ռիսկի գնաց։

Երեկ «Հրապարակ»-ի լրագրողի հետ զրույցում Զաքարյանների հայրը՝ Գագիկ Զաքարյանն ասել է, որ ինքը ներկա չի եղել հանդիպմանը, որն «անսպասելի» է եղել, ներկա է եղել իր կինը, որը «մի քանի շնորհակալական խոսք է ասել»։ Ժողովուրդն ակնկալիքներ ունի նոր վարչապետից՝ դա կլինի «լիսկաներից» ազատագրում, գազի գնի իջեցում, թե նպաստ-թոշակների բարձրացում։ Հենց այդ ակնկալիքների մասին են վկայում նաև այն հարյուրավոր զանգերը, որոնք ստանում են վարչապետի օգնականները՝ համացանցում նրանց հեռախոսահամարների տեղադրումից ի վեր։

Արդյո՞ք ի վիճակի կլինի մեկ անձը լուծել այն բոլոր հարցերը և խճճված թնջուկները, որոնք տասնամյակների կուտակման արդյունք են։ Եվ արդյոք այդ խնդիրների լուծման ընթացքում նա չի՞ սայթաքի, չի՞ շեղվի ճիշտ ուղուց, չի՞ ընկրկի։ Շուտով երկիրը մտնելու է նախընտրական փուլ, և այդ փուլում այլ խնդիրներ են առաջին պլան մղվելու։ Հենց այդ փուլում են, որպես կանոն, անհրաժեշտ դառնում լիսկաների ծառայությունները։ Կկարողանա՞ իշխող կուսակցությունը ձեռնպահ մնալ նրանց ծառայություններից՝ դրանից բխող բոլոր պարտավորություններով հանդերձ։ Թե՞ Լիսկային երրորդ անգամ են շանս տալու, որ Սյունիքի տարածքից Հանրապետականն առավելագույն քանակի ձայներ ստանա, ինչպես եղել է նախորդ բոլոր ժամանակներում։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: