«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը նոյեմբերի 6-ին մասնակցեց և ելույթով հանդես եկավ Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի (ԱՔԿՄՀ) կազմակերպած՝ Միգրացիայի և փախստականների թեմայով հատուկ խորհրդաժողովում:

Ավելի քան 25 երկրներից 40 կուսակցությունների մեկ տանիքի տակ համախմբած հանդիպումը կազմակերպվել էր Թուրքիայի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության համահովանավորությամբ:

Ադրբեջանցի և թուրք պատվիրակների զայրագին առարկություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը խոսք խնդրեց՝ ներկայացնելու տարածաշրջանի պատմական ու ընթացիկ զարգացումների շուրջ հայկական տեսակետը:

Իր անդրադարձում նա, մասնավորապես, անընդունելի համարեց Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորների վերջին ձերբակալությունները, քաղաքացիական ազատությունների սահմանափակումները, որոնք հար ու նման են 1915թ. Հայոց ցեղասպանության, հայ և այլ ժողովուրդների (ասորիներ, հույներ, քրդեր, եզդիներ, ալևիներ) Մեծ հայրենազրկման իրողությանն ու ժառանգությանը՝ որպես փախստականության առաջացման աննախադեպ ջրբաժանի, ինչպես նաև պաշտոնական Անկարայի ժխտողական քաղաքականությանը և հայերի կյանքեր փրկած հազարավոր արդար թուրքերի մոռացության մատնված պատմությանը:

Նա ընդգծեց Թուրքիայի ու Ադրբեջանի նման պետությունների միտումը՝ սանձազերծել ռազմական գործողություններ հարևան երկրներում, ապա ստիպված լինել կարգավորել փախստականության հարուցած ճգնաժամերը՝ փնտրելով միջազգային աջակցություն; անդրադարձավ սիրիահայ փախստականների հարցում Հայաստանի փորձին; Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ Ադրբեջանի սանձազերծած ձախողված պատերազմին; 500.000 այն հայերի խնդրին, որոնք տեղահանվել էին Ադրբեջանից, Նախիջևանից և մյուս գրավյալ հայկական տարածքներից; արծարծեց բոլոր փախստականներին ու ներքին տեղահանված անձանց՝ այդ թվում հայերին, նախկին բնակության վայրերի վերադարձման թեման  և նրանց համայնքային կյանքի վերահաստատման արդարացի, երաշխավորված իրավունքն ապահովելու հրամայականը; շեշտեց Նախիջևանում ու ներկայիս արևելյան Թուրքիայի տարածքում գտնվող՝ արևմտահայոց բնօրրանում, ինչպես նաև Թուրքիայում, Հայաստանում, մյուս երկրներում ինքնաքննադատական լինելու, ժողովրդավար հասարակություններ կայացնելու անհրաժեշտությունը՝ որպես հակամարտություններով չպայմանավորված արտագաղթը կանխելու միակ ուղի:

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից անմիջապես հետո «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահը կրկնեց Թուրքիայի ժխտողական ուղեգիծն ու խնդրեց «Ցեղասպանություն» բառի հիշատակումը հանել արձանագրությունից: Հովհաննիսյանը դատապարտեց այդօրինակ մոտեցումը՝ իբրև պաշտոնական գրաքննությանը բնորոշ անթույլատրելի երևույթ: