ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը պարզապես հույս է հայտնել, որ դեկտեմբերին Համբուրգում կարող է կայանալ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ. Երևանում Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ խոսելով իր և իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հնարավոր հանդիպումից ակնկալիքների մասին:
«Իհարկե, այդ հույսին ի պատասխան, Ադրբեջանից հնչեց հայտարարություն, որ պատրաստ են մասնակցելու, բայց Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասություններ են պարունակում․Ադրբեջանը մի կողմից հայտարարում է, որ պատրաստ են մասնակցել եռանախագահների կողմից նախաձեռնվող հանդիպումներին, մյուս կողմից՝ հայտարարություններ են անում, որոնք հակադրվում են եռանախագահների մոտեցումներին, առավելապաշտական մոտեցումներ են արտահայտում և հայտարարում, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը կարող է լինել միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքի վրա»,– ասաց նա:
Էդվարդ Նալբանդյանը հիշատակեց, որ եռանախագահները բազմիցս ասել են, որ հիմնախնդիրը կարող է լուծվել միջազգային իրավունքի երեք սկզբունքի հիման վրա՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն:
«Բազմիցս հայտարարել են, որ այդ սկզբունքները և նաև այն տարրերը, որոնք հիմնված են այդ սկզբունքների վրա և ներկայացված են եռանախագահների կողմից, մեկ ամբողջություն են: Փորձել տարանջատել այդ սկզբունքները, տարրերը մեկը մյուսից, կստեղծի դժվար վիճակ»,- ասաց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:
Նա նշեց, որ Բաքուն պետք է կողմնորոշվի՝ արդյոք իսկապես ցանկանում է, որ եռանախագահող ձևաչափում շարունակի բանակցությունները, որովհետև մի կողմից ասում են՝ պատրաստ են մասնակցելու հանդիպումներին, մյուս կողմից՝ դուրս են գալիս եռանախագահների առաջարկների դեմ, նաև այն հիմքի դեմ, որն առաջարկվում է որպես Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորում:
«Այլապես սոսկ այս հանդիպումներին մասնակցությունը դառնում է իմիտացիա իրենց կողմից: Դրա ապացույցներից մեկն էլ իրենց մասնակցությունն էր Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին: Մասնակցեցին, բայց դա ի՞նչ տվեց: Մինչ այսօր հրաժարվում են իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները, անում են ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն»,- նշեց նա:
Էդվարդ Նալբանդյանը մատնանշեց, որ նրանք, ովքեր կասկածներ ունեին, որ Ադրբեջանը կարող է գնալ իրավիճակի կտրուկ սրման, հստակ ապացույցներ ստացան ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում:
«Ապրիլյան ագրեսիայից հետո եռանախագահների ջանքերը Հայաստանի հետ միասին ուղղված են նրան, որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծեն հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու համար»,- ասաց նա:
ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը երբևէ չի հրաժարվել հանդիպումներից, բայց նաև մասնակցելով այդ հանդիպումներին՝ Հայաստանն ընդունել է այն շրջանակը, որն առաջարկվում է բանակցությունների համար եռանախագահների կողմից, և ըստ նրա, դա է տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Հիշեցնեմ, որ մի քանի ամիս Ադրբեջանը հրաժարվում էր ընդհանրապես եռանախագահների հետ հանդիպել՝ ասելով, որ նրանք դատարկ, անօգուտ զբոսաշրջիկներ են»,– ասաց նա:
Էդվարդ Նալբանդյանը մատնանշեց, որ Ադրբեջանը, նորից սրում է իրավիճակը․հիմա էլ հայտարարել է լայնածավալ ռազմական զորավարժությունների մասին, որին մասնակցելու է ադրբեջանական բանակի ողջ ներուժը՝ 60 հազար զորք, տանկեր, հրթիռներ:
«Դա նաև Վիեննայի փաստաթղթի խախտում է, որի համաձայն պետք է իրենք 42 օր առաջ տեղյակ պահեն զորավարժություն անցկացնելու մասին, եթե զորքերի մասնակցությունը հասնում է 9 հազարի: Ոչ միայն տեղյակ չեն պահել, այլ Համբուրգից առաջ գնում են նման քայլի, որը սրում է իրավիճակը: Նաև սաստկացել են հրադադարի խախտումները թե՛ շփման գծում, թե՛ ընդհանրապես հակամարտության գոտում»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Նա նշեց, որ դեռևս հստակեցված չէ հանդիպման ֆորմատը, որը կարող է լինել Համբուրգում, բայց եռանախագահների հետ հանդիպում այնտեղ սպասվում է: