Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ:
Հանրապետության Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհակալություն է հայտնել բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններ իր այցելության ընթացքում ՀՀ պաշտոնական պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ այցը հնարավորություն կընձեռի գործնական քննարկումներ ծավալել և փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք նոր մակարդակի կբարձրացնեն հայ-էմիրաթական բազմոլորտ բարեկամական հարաբերություններն ու իրենց լուրջ ներդրումը կունենան երկկողմ համագործակցության հետագա զարգացման գործում:
Կարևորելով հայ-արաբական պատմամշակութային հարուստ անցյալը, բազմաթիվ հարցերում ընդհանուր շահերի համընկնումները, ինչպես նաև արաբական երկրներում հայկական համայնքների առկայությունը՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մերձավորարևելյան տարածաշրջանը մշտապես նշանակալի տեղ է զբաղեցրել, և Հայաստանը 25-ամյա անկախությունից հետո արդյունավետ և բազմաբովանդակ համագործակցություն է ծավալել արաբական երկրների հետ:
ՀՀ Նախագահի գնահատմամբ, հայ-էմիրաթական հարաբերություններն այս առումով առանձնակի տեղ են զբաղեցնում և փոխգործակցության լավագույն օրինակներից են:
Հանդիպման ժամանակ կողմերը թանկ են գնահատել երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև ձևավորված հարաբերություններն ու պատրաստակամություն հայտնել դրանք ավելի զարգացնել և ամրապնդել:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ մեծապես կարևորելով Ծոցի երկրների հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը՝ Հայաստանը Էմիրությունները դիտարկում է կարևորագույն հանգույց ինչպես Հայաստանից դեպի Ծոցի տարածաշրջան և այլ երկրներ, այնպես էլ հակառակ ուղղությամբ: Նա տեղեկացրել է շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումին, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից առաջարկ է ներկայացրել շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանին` Էմիրություններում Հայաստանին նվիրված ներդրումային համաժողով կազմակերպելու վերաբերյալ։ Հանրապետության Նախագահի համոզմամբ, նմանօրինակ համաժողովների հաջող անցկացման Արաբական Միացյալ Էմիրությունների փորձն ու բարի համբավը կնպաստեն էմիրաթական կողմի և տարածաշրջանի ներդրող խոշոր կազմակերպություններին ի մի բերել, այն վերածել գործնական հանդիպման և հնարավորություն ստեղծել Հայաստանում ներդրումների զարգացման համար:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հնարավորությունը, որը զգալիորեն կխթանի նաև զբոսաշրջությունը: Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը նշել է, թե էմիրաթական կողմը մտադրություն ունի եկող տարվանից Ֆլայ Դուբայ ավիաընկերության դեպի Երևան ուղիղ չվերթները դարձնել ամենօրյա:
ՀՀ Նախագահը և ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին» համաձայնագիրը, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրեր «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման ազգային վարչության միջև արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության մասին», «Հայաuտանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև գիտական և տեխնիկական համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի և Արաբական Միացյալ Էմիրությունների առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև` Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ներդրումային և բիզնես հնարավորությունների ընդլայնման մասին»:
Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո ի պատիվ պաշտոնական այցով ԱՄԷ-ում գտնվող ՀՀ Նախագահի, Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի անունից տրվել է պաշտոնական ճաշ: