«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունը հետևողականորեն համալրում է «գազավիկներով»: Վերջին համալրումը եղավ երեկ՝ ի դեմս Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նոր պետի՝ Իշխան Կարապետյանի, որի նշանակման մասին մենք օրեր առաջ էինք գրել: Կարապետյանը ժամանակին զբաղեցնում էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ ղեկավարում էր Փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնը, իսկ հետո՝ գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ն, որի փայատերերից է նաև վարչապետը: Իշխան Կարապետյանը ներկայումս մսամթերք արտադրող «Նաթֆուդ» ՓԲԸ տնօրենն է: Ընկերությունը թողարկում է «Բիելա», «Ֆերմա», «Նաթֆուդ էլիտ» ապրանքանիշերի մսամթերք:
Ի դեպ, 2006-ին հիմնադրված «Նաթֆուդը» («Վալլետտա»-ի իրավահաջորդը) ժամանակին մեծածախ առևտրի ձեռնարկություն էր, հայտնի էր «Սթար» սուպերմարկետների ցանցով, ռեստորան-սրճարաններով, «Պրիմեր» սուրճով, «Լանգուրա» հավի, ռուսական ձեթի, ձիթապտղի և այլ մթերքների ներկրմամբ: Մոտ 2 տարի առաջ գործարար Ներսես Կոստանյանը՝ «Կոստանդ» ՍՊԸ տնօրենը, մամուլում հանդես էր եկել սենսացիոն հրապարակմամբ, որում ներկայացրել էր «Նաթֆուդի» ստվերային գործունեության, գործընկերներին (այդ թվում և իրեն) «քցելու» պատմությունը:
Հոդվածը վերնագրված էր. «Որոգայթ՝ «նաթֆուդյան ձևով»»: Իսկ մոտ 1 ամիս առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանը «Կոստանդ» ՍՊԸ-ն ճանաչել է սնանկ: Սննդամթերքի անվտանգությունն ու դրա ապահովումը, որը թերևս ամենախնդրահարույց ու խոցելի ոլորտներից է, այժմ վերապահվել է սննդամթերքի արտադրությամբ զբաղվող մարդու, որը շահագրգիռ անձ է այդ ոլորտում: Արդյոք նորանշանակ պաշտոնյան պատշաճ անաչառություն կկարողանա՞ ցուցաբերել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: