«Հրապարակ» թերթը գրում է.

Ընտրությունների հետ կապված խմորումները թեժանում են, ՀՀԿ-ականները «տագնապի» մեջ են՝ տեղ ունենալո՞ւ են արդյոք ՀՀԿ ցուցակում։ Հատկապես ուշագրավ է կանանց պարագան՝ հաջորդ խորհրդարանում նրանց քանակն ավելանում է։ Տարիներ շարունակ ԱԺ մտնելու ծրագիր ունեցող Նաիրա Նահապետյանը՝ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, ջերմ հարաբերություններ ունի ՀՀԿ բարձրաստիճան կանանց և հատկապես առաջին տիկնոջ հետ։

Երեկ նա «Հրապարակ»-ին վստահեցրեց․ «Անգամ ժամանակ չունեմ այդ մասին մտածելու», և սկսեց թվարկել իր գերծանրաբեռնված գրաֆիկը, թե ինչպես է ընդունում-ճամփում ռուսական պատվիրակություններին։ Բայց Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք ապագա ԱԺ-ում։ «Ճիշտն ասած՝ ես ինձ դեռ որևէ տեղ չեմ տեսնում, ես ուզում եմ միայն, որ ամեն ինչ անեմ, որ մեր երկրի, մեր քաղաքացու կողքին լինեմ, որտեղ էլ որ լինեմ․․․ ամեն մարդ պետք է իր տեղում ճիշտ լինի, ամեն ինչ անի, որ կարողանա կողքինին օգնել։ Այսօր մեր երկրի ամենամեծ գրավականը՝ մեր ղեկավարի, մեր ավագանիների և բոլոր բոլորի, այն է, որ կարողանան օգուտ տալ մեր երկրին, մեր ժողովրդին, թե հիմա որտեղ կլինի՝ պառլամենտում, քաղաքի ավագանիում, թե մեկ ուրիշ տեղ, դա կարևոր չէ»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: