Ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրների տեղակայումը Հայաստանի տարածքում հարկադրված միջոց էր՝ ուղղված տարածաշրջանում կայունության պահպանմանը: Այդ մասին «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, «Իսկանդերներն» առաջին անգամ ցուցադրվել են սեպտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ, սակայն, որոշ տվյալներով, դրանք հայկական բանակը ստացել է դեռ ավելի վաղ և բերվել է մարտական պատրաստության ապրիլին Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ:
«Կարծում եմ, որ դա պարտադրված միջոց է եղել մեր տարածաշրջանում ռազմական իրավիճակն ինչ-որ կերպ հավասարակշռելու համար: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարիներին պարբերաբար ձեռք է բերել նորագույն սպառազինություն: Մենք չունենք նման հնարավորություններ, ինչպես Ադրբեջանը, ես նկատի ունեմ ֆինանսական հնարավորությունները, բայց մենք միշտ փորձում ենք հավասարակշռել իրավիճակը՝ գտնելով հակաթույնը: Ես կարծում եմ, որ տվյալ դեպքում «Իսկանդերը» հենց նման հակաթույն է»,- ասել է Սերժ Սարգսյանը:
«Իհարկե, սպառազինությունների մրցավազքը լավ իրավիճակ չէ, և մենք չենք ցանկանում դրան գնալ, բայց ինչ անել, եթե քեզ ամեն օր սպառնում են պատերազմով, ֆիզիկական հաշվեհարդարով: Դու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկես»,- հավելել է Հայաստանի նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Երևանը Ռուսաստանի հետ ունի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու մասին պայմանագիր:
«Կարծում եմ, որ Ռուսաստանը, ելնելով դրանից, ընդառաջ է գնացել մեր խնդրանքին և տրամադրել է մեզ ռազմական առումով այդ հիանալի համակարգը: Իհարկե, գուցե մարդկությանն ավելի լավ լիներ, եթե նման համակարգեր չլինեին, բայց երբ դու ստիպված ես, նաև նման բանի ես գնում»,- ասել է ՀՀ նախագահը:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ «Ռուսաստանն առանցքային դեր է խաղում մեր տարածաշրջանում, այդ թվում՝ խաղաղության և կայունության ապահովման գործում»: