Կարեն Կարապետյանի կառավարությունը մեր շարժիչ ուժն է։ Այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
Այն հարցին, թե ինչ է ակնկալում կառավարության նոր կազմից ՀՀ նախագահը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Առաջին խնդիրը կառավարման արդյունավետությունը բարձրացնելն է, իսկ այնուհետ վերլուծելը՝ մեր տնտեսության վիճակը, խոչընդոտները և խնդիրները պարզելու համար, և դրանք վերացնելով՝ արագացնել Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը: Վերջին հինգ տարվա ընթացքում մեր տնտեսությունը 20 տոկոսի աճ է գրանցել: Աճը կազմում է տարեկան միջինը չորս տոկոս: Մեր ելքային ցուցանիշները ոչ մի կերպ մեզ չեն գոհացնում՝ ո՛չ մեզ, ո՛չ Հայաստանի քաղաքացիներին: Նրանք ավելին են պահանջում, և մենք նույնպես ավելին ենք ցանկանում»:
ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ նոր կառավարությունը պատվով է կատարելու այդ խնդիրը:
«Ես դրանում գրեթե վստահ եմ: Ահա այստեղ ես կարող եմ կանխատեսումներ անել, քանի որ գործ ունեմ մարդկանց հետ, որոնց պահվածքը կարելի է կանխատեսել: Այստեղ ես կարծում եմ, որ իրականում մեր կայուն աճը կարագանա»,- հավելել է Սերժ Սարգսյանը: