Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կուբայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիան (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հայ-կուբայական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում: Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցությունը: Դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիան Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Կուբայի Պետական խորհրդի և նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի ջերմ ողջույններն ու Կուբայի ժողովրդի ջերմ ու հարգալից վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նոր դեսպանի պաշտոնավարման արդյունքում երկու երկրների հարաբերությունները կայուն զարգացում կունենան և որակական նոր մակարդակի կբարձրանան: