ՀՀ կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացնում է 2017 թ. ծախսերի նախահաշիվը և կապիտալ ներդրումները։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև։
ՀՀ Սահմանադրության 200 հոդվածի և ՀՀ ԿԲ մասին օրենքի 14 հոդվածի համաձայն, Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշիվը և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը հաստատում է Ազգային ժողովը պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ:
ՀՀ կենտրոնական բանկի վարչական ծախսերը 2017 թ. համար պլանավորվել են 7,1 մլրդ ՀՀ դրամ, պահպանվելով 2016 թ. համեմատ նույն մակարդակի վրա, իսկ կապիտալ ներդրումների ծրագիրը՝ 24,1 մլրդ ՀՀ դրամ՝ 2016 թ. համեմատ նվազելով 8.5 մլրդ դրամով կամ շուրջ 26%: 2017 թ. կապիտալ ներդրումների ծրագրի 24.1 մլրդ դրամից շուրջ 19,8 մլրդ ՀՀ դրամ նախատեսվել է ուղղել ֆինանսական համակարգի զարգացման այնպիսի ծրագրերի իրականացմանը, ինչպիսիք են բնակարանային հիփոթեքային շուկան:
Նշված միջոցները նախատեսվում է ուղղել «Ազգային հիփոթեքային ընկերության» և «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող կազմակերպությունների միջոցով իրականացվող ծրագրերին: Նշված կազմակերպությունների կողմից իրականացվում են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող պետական ծառայողներին, երիտասարդ ընտանիքներին, երիտասարդ գիտնականներին, բժիշկներին մատչելի բնակարանների ապահովման հիփոթեքային ծրագրերի, ուսանողական վարկերի և զինծառայողների համար մատչելի սպառողական վարկերի վերաֆինանսավորում:
Իրականացված այլ հիփոթեքային ծրագրերի արդյունքում Հայաստանում ձևավորվել է դրամային հիփոթեքային շուկան, որն արդեն կայացած երևույթ է և գործում է ամբողջովին ինքնուրույն, նաև ներգրավված այլ միջոցների հաշվին: Այս ամենի արդյունքում այսօր տրամադրված է շուրջ 11.000 հիփոթեքային վարկ՝ 11.000 ընտանիք ձեռք են բերել նոր կացարաններ:
Նշված ծրագրերի ընդհանուր արժեքը մոտ է 100 մլրդ դրամին, ինչը, բնականաբար ունի որոշիչ դեր թե՛ տնտեսության, ֆինանսական համակարգի համար և թե՛բնակչության բնակարանային ապահովման համար: 2008 թ. Հայաստանում հիփոթեքային շուկայի ընդհանուր ծավալը կազմում էր մոտ 90 մլրդ դրամ, մինչդեռ 2016 թ. մնացորդը արդեն կազմում է շուրջ 200 մլրդ դրամ:
Այս ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, տրամադրվել է շուրջ 347 մլրդ դրամի հիփոթեքային վարկ: «Բնակարան երիտասարդներին» կազմակերպության կողմից իրականացված ծրագրերն ամբողջությամբ ուղղված են կա՛մ երիտասարդ մասնագետներին, կա՛մ երիտասարդ, նոր ձևավորված ընտանիքներին բնակարաններով ապահովմանը, որտեղ Կառավարությունն ունի բավական մեծ դերակատարում՝ սուբսիդավորելով վճարվող տոկոսագումարների մի մասը:
Այսօր նշված կազմակերպությունների կողմից տրամադրված է շուրջ 10.000 ուսանողական և զինծառայողներին վարկեր: Ավելի քան 7.000 ուսանող հնարավորություն են ստացել վճարել իրենց ուսման վարձը՝ իրենց ուսումնառության տարիներին վճարելով միայն տոկոսագումար, ինչը շատ դեպքերում տատանվում է 10.000 դրամի շուրջ: Իսկ վարկի մայր գումարը կարող են վճարել կրթությունն ստանալուց հետո, աշխատանքի անցնելով, մի քանի տարիների ընթացքում: Ուսանողական վարկերի և զինծառայողների վարկերի համար ևս պետության կողմից սուբսիդավորվում են վարկերի տոկոսների 2-3 տոկոսային կետը:
Իրականացված բոլոր ծրագրերի արդյունքում արդեն սկսվել են իրականացվել նաև ֆինանսական շուկայի զարգացման հաջորդ փուլը, տրամադրված հիփոթեքային վարկերի արժեթղթավորման գործընթացը, ինչը կապիտալի շուկայի զարգացման էական բաղկացուցիչ տարրերից մեկն է: Մասնավորապես, «Ազգային հիփոթեքային ընկերության» կողմից իրականացվել է շուրջ 15 մլրդ դրամի պարտատոմսերի թողարկում, որոնք ակտիվ շրջանառվում են ներդրողների շրջանակում, իսկ ներգրավված միջոցները, բնականաբար, ուղղվում են բնակարանային հիփոթեքային շուկայի զարգացմանը և խորացմանը:
Անհրաժեշտ է նշել, որ ներկայացված բոլոր ծրագրերի դեպքում ամբողջ ռիսկը կրում են առևտրային բանկերը, իսկ վերաֆինանսավորող վարկային կազմակերպություններն, ըստ էության, վարկային ռիսկ չեն կրում, ուստի և հնարավորություն ունեն ավելի հեշտությամբ ներգրավել միջոցներ և ուղղել շուկայի ձևավորմանն ու զարգացմանը:
Հարկ է նշել, որ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, զարգացող երկրներում հիփոթեքային շուկան և նմանատիպ այլ ծրագրեր զարգանում են սովորաբար պետական աջակցության կամ կարգավորողի նախաձեռնության դեպքում: 2017 թ. կապիտալ ներդրումների ծրագրում 2,1 մլրդ ՀՀ դրամը պլանավորվել է «Աշխատանքային շենքերի և շինությունների կառուցում, ձեռք բերում և կապիտալ վերանորոգում» հոդվածում, որից 1,6 մլրդը ուղղվելու է Դիլիջանում հակասողանքային աշխատանքների իրականացմանը՝ շարունակելով ցամաքուրդային թունելի 4 փուլի կառուցումը, իսկ 520 մլն ՀՀ դրամը՝ Դիլիջանում բնակելի շենքի կառուցմանն ու Սիսիանի ՏԴԿ-ի կառուցման աշխատանքների ավարտմանը:
Ինչ վերաբերվում է 2017 թ. վարչական ծախսերին, ապա մի շարք հոդվածներ, ինչպիսիք են «Ծառայողական փոխադրամիջոցների շահագործում» և «Ծառայողական նպատակով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսեր» հոդվածները, նախորդ տարվա նկատմամբ նվազեցվել են համապատասխանաբար 23 և 8 տոկոսներով:
Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ ԿԲ կողմից իրականացվող կապիտալ ներդրումները չեն ֆինանսավորվում ՀՀ պետական բյուջեից, որևէ ուղղակի և անուղակի առնչություն չունեն ՀՀ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների հետ, և դիտարկվում են էմիսիա, ինչը ուղղված է տնտեսությունում որոշակի նպատակային ծրագրերի իրականացման համար: