«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ գիշերը թալանել են ապրիլյան պատերազմի զոհերից Սարգիս Գասպարյանի հոր՝ Արթուր Գասպարյանի, մեքենան: Մեքենայից տարել են ամեն ինչ, այդ թվում գազի բալոնը, մեքենայում եղած ալյուրը, շաքարավազը, սուրճը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ նախօրդ օրն առավոտյան 8:10-ին Արթուր Գասպարյանից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 16-ին ժամը 23:30-ից մինչև նոյեմբերի 17-ը ժամը 07:30-ը ընկած ժամանակահատվածում ապակին կոտրելու միջոցով Երևանի Շենգավիթ համայնքի Շիրակի փողոցի 6 ա շենքի բակում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայից գողություն է կատարվել:
«Դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, որն արդեն իսկ դրական արդյունք է տվել»,- նշեցին ոստիկանությունից:
Մեր հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ կա համապատասխան անձ, որը կասկածվում է հանցագործության մեջ՝ ոստիկանության լրատվականի աշխատակիցը պատասխանեց. «Ասացի արդեն»: Վերջինս նշեց, որ այս պահին ճշտվում է նաև վնասի չափը:
Հիշեցնենք, որ Սարգիսը Գասպարյանը վիրավորվել էր ապրիլի 29-ին, երբ փորձել էր օգնել և կրակի տակից դուրս բերել վիրավոր ընկերոջը: Թշնամու արձակած կրակոցներից վնասվել էին գրեթե բոլոր ներքին օրգանները: Սկզբում Սարգիսին վիրահատել էին Մարտակերտում, ապա տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց: Կյանքի ու մահվան միջև երկար կռիվ տալուց հետո մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Սարգիսը մահացել է:
Դեպքից հետո, 20-ամյա զինծառայողի քույրը նամակով դիմել էր Պաշտպանության նախարարին՝ խնդրելով ծնողներին օգնել աշխատանք գտնելու հարցում: «…Հայրս առողջական խնդիրներ ունի, իսկ մորս աշխատավարձը կազմում է ընդամենը 24.000 դրամ, որով պետք է և՛ ընտանիք պահի, և՛ վարկը փակի»,- գրել էր Ինգա Գասպարյանը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: