ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 7-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:

Ըստ այդմ, էթիկայի հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, իսկ փոխնախագահ` «Հայ ազգային կոնգրես»-ի ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը: Վերջինս հանձնաժողովի կազմում փոխարինել է մինչ այդ ՀԱԿ-ը ներկայացնող Նիկոլ Փաշինյանին:

Կարգադրությամբ հաստատվել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի հետևյալ կազմը.

Դավիթ Հարությունյան` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն,

Լյուդմիլա Սարգսյան` «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցություն,

Կորյուն Նահապետյան` ՀՀԿ խմբակցություն,

Վահան Բաբայան` «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն,

Հովհաննես Մարգարյան` «Օրինաց երկիր» խմբակցություն,

Վահան Հովհաննեսյան` «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն,

Թևան Պողոսյան` «Ժառանգություն» խմբակցություն:

Նշենք, որ հունվարի 21-ից Դ.Հարությունյանին Էթիկայի հանձնաժողովի կազմում փոխարինել էր ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, և այժմ ՀՀԿ-ն դարձյալ փոխարինել է իր ներկայացուցչին:

ԱԺ նախագահի հրամանագրով հաստատված հանձնաժողովի կազմում կան նաև այլ փոփոխություններ. ՀՅԴ-ն Արծվիկ Մինասյանին փոխարինել է Վահան Հովհաննեսյանով, իսկ «Ժառանգություն»-ը Զարուհի Փոստանջյանին` Թևան Պողոսյանով:

ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, Էթիկայի հանձնաժողովը կազմավորվում է խորհրդարանի առաջին նստաշրջանում, ինչպես նաև յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստում` խմբակցությունների ներկայացմամբ: Էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատում է, ինչպես նաև նախագահին և նրա տեղակալին նշանակում է ԱԺ նախագահը:

Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցություններին, տվյալ պարագայում` «Հայ ազգային կոնգրես» և ՀՀԿ խմբակցություններին:

2012թ.-ի ամռանը ձևավորված Էթիկայի հանձնաժողովը նախ ղեկավարել է ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, իսկ աշնանային նստաշրջանում` Ն.Փաշինյանը: