Տարվա այս ժամանակահատվածում սովորաբար ակտիվանում են սուր շնչառական վարակները, գրիպի, հարբուխի դեպքերը: Այս տարին ևս բացառություն չէ: Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ հանրապետությունում, ինչպես նաև եվրոպական տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում վերջին մեկ ամսվա ընթացքում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը և այլ շնչառական վարակների հարուցիչներ: Հանրապետությունում շնչառական վարակների տարածվածության աստիճանը YN.am-ը ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք) պարզեց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Սաթենիկ Մկրտչյանից, ով ասաց.
- ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող օրական մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ այս օրերին սուր շնչառական վարակների ակտիվացում դիտվում է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքի: Հիվանդանոցներում հետգրիպային բարդություններով պայմանավորված ծանր թոքաբորբերով՝ թոքերի արհեստական սարքավորումների ներքո հիվանդներ չկան:
Որոշ լրատվամիջոցներում նշվեց հիվանդանոցների գերծանրաբեռնվածության՝ միջանցքներում պառկած հիվանդների, պլանային վիրահատությունների հետաձգումների մասին:
- Մենք պարզեցինք, որ նշված կլինիկաներում նկատվում է հիվանդների հոսք և որոշակի ծանրաբեռնվածություն, որը բնորոշ է տվյալ ժամանակահատվածին: Որևէ հիվանդանոցում միջանցքում պառկած հիվանդ չկա, անհրաժեշտությունից ելնելով հիվանդները բուժօգնություն ստացել են այլ բաժանմունքներում: Եվ ամենակարևորը՝ պլանային վիրահատություններ չեն հետաձգվել:
Ի՞նչ է արվում ՀՀ առողջապահության նախարարության կողմից կանխարգելման նկատառումներով:
- Սուր շնչառական վարակների և գրիպի հետագա տարածումից խուսափելու համար, որպես կանխարգելիչ միջոցառում, մանկական նախադպրոցական կազմակերպություններում և դպրոցներում իրականացվում է «կանխարգելիչ ֆիլտր»: Որպեսզի խուսափենք նախ հիվանդ երեխաների վիճակի բարդացումից, նպատակ կա գրիպանման երևույթներով երեխաներին չթույլատրել հաճախելու դպրոց կամ մանկապարտեզ: Այսպիսով նաև հիվանդ երեխաները վարակի աղբյուր չեն դառնա մյուսների համար:
ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է մանկական հաստատությունների կազմակերպությունների ղեկավարներին՝ հնարավորինս բացառել հիվանդ երեխաների մուտքը դպրոց և մանկապարտեզ՝ սուր շնչառական վարակների հետագա տարածումը կանխելու և բարդություններից խուսափելու համար: