Վրաստանն ազատականացնում է երկրի էներգետիկ շուկան, ինչի արդյունքում ցանկացած ընկերություն կարող է սպառողներին մատակարարել իր «էներգետիկ ապրանքը»: Ավելին՝ խողովակաշարի, հաղորդակցման ուղիների սեփականատեր հանդիսացող ընկերությունները պարտավոր են լինելու անհրաժեշտության դեպքում թույլատրել այլ ընկերություններին օգտվել իրենց ենթակառուցվածքներից: Նշվածը պայմանավորված է նրանով, որ հոկտեմբերի 16-ին Վրաստանը փաստաթուղթ է ստորագրել, որով միանում է Եվրոպական էներգետիկ միավորմանը, իսկ Վրաստանի խորհրդարանի կողմից այն հաստատվելուց հետո կարգը կսկսվի արդեն գործել օրենքի սահմաններում:
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ներկայումս Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան գերիշխող տեղ են զբաղեցնում Վրաստանի էներգետիկ ոլորտում՝ ռեսուրսների մատակարարման և արտադրման տեսանկյունից, պարզ է, որ վերոհիշյալն առաջին հերթին հարվածելու է ադրբեջանական և թուրքական ընկերությունների շահերին: Ի դեպ, ինչպես հայտարարել է Վրաստանի էներգետիկայի փոխնախարարը, «թեև ենթադրվում է, որ ազատականացման գործընթացը որոշ խաղացողների համար կլինի ցավոտ, այդուհանդերձ իրենք կփորձեն անցումային փուլն իրականացնել սահուն ընթացքով, բայց գործընթացն անխուսափելի է»:
Հ.Գ. Այնպես որ տեսանելի ապագայի համար Հայաստանից մեծ ծավալներով էլէներգիայի և Իրանից գազի՝ Վրաստանին մատակարարելու հնարավորություններն ավելի են իրատեսական դառնում:
Ալիկ Էրոյանց