Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոյի կարգավիճակը անընդունելի է, ընդ որում բոլոր կողմերի համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո տված հարցազրույցի ժամանակ:
«Առաջին հերթին այն անընդունելի է Ադրբեջանի, Հայաստանի և ԼՂՀ-ում ապրող բնակչության համար: Ես դրանում խորապես համոզված եմ: Ստատուս քվոն նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի չլուծված լինելը, այլև Հայաստանի տնտեսական շրջափակման շարունակությունը, ուստի այստեղ ոչ մեկին չպետք է համոզել այդ ստատուսի անընդունելիության մասին»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
«Ռուսաստանի համար ստատուս քվոն անընդունելի է քանի որ մեր երկու հարևան պետությունների միջև երկարատև և բարդ կոնֆլիկտի փոխարեն կայունությունը և խաղաղությունը Կովկասում մեր արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է»,- նշել է Լավրովը:
Լավրովը նաև անդրադարձել է Ռուսաստանի ջանքերին, որը հենց սկզբին ակտիվ դեր է խաղացել խաղաղ կարգավորման գործընթացում սկսած այն բանից, որ մեր ուղղակի միջնորդությամբ 1994 թվականի մայիսին զինադադարի պայմանագրի ստորագրմանը և ավելացրել, որ ամեն կերպ ջանում է օժանդակել հակամարտության կարգավորմանը տարբեր ձևաչափերով:
«Մենք շարունակում ենք մեր աշխատանքները այդ ուղղությամբ: Վերջերս տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Կրակովում: Այդ գործընթացները ընդհանուր առմամբ պետք է շարունակվի: Չնայած որ մենք ամեն կերպ կշարունակենք օժդակել կողմերին հակամարտության կարգավորման հարցում, սակայն պարզ է, որ այն կարող են լուծել միայն շահագրգիռ կողմերը: Պետք չէ շտապ որոշումներ կայացնել և պետք չէ մտածել, որ ոչինչ չի հաջողվի` հաշվի առնելով ներկայիս լճացված վիճակը: Ես համոզված եմ, որ ամեն ինչ հնարավոր է, եթե փորձենք փնտրել փոխզիջումներ` հիմնված երկու պետությունների օրինական շահերի վրա»,- շեշտել է Ռուսաստանի ԱԳ նախարարը: