Մայիսի 20-ին, Մայր Աթոռում գումարվել է Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննության են առնվել միջեկեղեցական, հասարակական եւ ներեկեղեցական տարաբնույթ հարցեր:

Զեկույցով հանդես է եկել Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը` տեղեկացնելով 2013 թ. հուլիսին Բուդապեշտում կայանալիք Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի 14-րդ եւ 2013 թ. նոյեմբերին Բուսանում կազմակերպվելիք Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովների գումարման մասին: Քննարկվել են Հայ Եկեղեցու պատվիրակության կազմի, ժողովներում առաջադրված նյութերի վերաբերյալ հարցեր եւ հստակեցվել ընդհանուր մոտեցումներ:

Խորհուրդը լսել է նաեւ Մայր Աթոռի հոգեւոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի զեկույցը` մայիսի 16-ին Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի հոգեւոր ակադեմիայի միջեւ ստորագրված համաձայնագրի վերաբերյալ: Խորհրդի անդամները ողջունել են համաձայնագրի ստորագրումը` գոհունակություն հայտնելով Հայ առաքելական եկեղեցու եւ Ռուս ուղղափառ եկեղեցու միջեւ խորացող համագործակցության առիթով:

Խորհուրդն անդրադարձել է նաեւ օրեր առաջ` մայիսի 10-11-ին, Երեւանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած «Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների մոդելները. ժամանակակից միտումներ» միջազգային գիտաժողովին: Արձանագրվել է, որ գիտաժողովի կազմակերպիչների կողմից Մայր Աթոռին գիտաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ուղղվել եւ դատապարտելի է համարվել այս առնչությամբ կազմակերպիչների կողմից ապատեղեկատվության տարածումը: Խորհուրդը նաեւ ապակառուցողական է համարել, որ կազմակերպիչները գիտաժողովի գումարման աշխատանքներում չեն գործակցել Հայ եկեղեցու հետ, երբ գիտաժողովում ընդգրկված էին նյութեր, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայ եկեղեցուն: Աստվածաբանական խորհուրդն անընդունելի է համարել նաեւ գիտաժողովի ընթացքում հնչեցված միակողմանի գնահատումներն ու ոչ առարկայական տեսակետները, որոնք չեն կարող նպաստել երկրի հոգեւոր-կրոնական կյանքում համերաշխ եւ գործակցային մթնոլորտի ձեւավորմանը եւ լուրջ մարտահրավեր են դառնալու Հայաստանում` խղճի ազատության իրավունքի իրացման ճանապարհին: