ՀՀ վաստակավոր երգչուհի, ՀՀ ԱԺ պատգամավոր, և, առհասարակ, մեծ ժողովրդականություն վայելող Շուշան Պետրոսյանը, սիրով զրուցեց Yerevannews.am- ի (Երևան Նյուզ, YN.am) հետ և իր ամանորյա շնորհավորանքն ու բարեմաղթանքը հղեց հայ ժողովրդին:
«Ամանորն ամեն տարի անկրկնելի է, ամեն տարի ինչ-որ անակնկալներ ենք մատուցել մեկմեկու ընտանիքի անդամներով՝ ամուսինս, երեխաներս, հարազատներս, փոքր ժամանակ ծնողներս, էլ չեմ ասում ամենակարևորը Ձմեռ պապիկը, որին մինչև այսօր մանկան պես հավատում և սպասում եմ»:
Երգչուհին իր ցանկություններով ու բարեմաղթանքներով մեկ անգամ ևս առանձնացավ իր ընդգծված անսահման հայրենասիրությամբ:
« Այս տարի և վերջին տարիներին միայն խաղաղություն եմ խնդրում մեր երկրի համար: Սա է աղերսս և ամենամեծ երազանքս, որ պահում եմ. խաղաղություն ու սեր. վերջինս ամենամեծ զգացմունքն է, որ ի վերուստ դրված է քրիստոնեության հիմքում:
Ուստի, ամեն անգամ,երբ բարձրաձայնում ենք, որ հայերս առաջին ազգն ենք, որ ընդունել ենք քրիստոնեությունը, պետք է չմոռանանք, որ դա սիրո ամենագեղեցիկ պատմությունն է:
Իմ ամենամեծ ցանկությունն է, որ լինի միայն ու միայն խաղաղություն, մեր բանակի տղաներն անփորձանք ծառայեն, արժանապատվորեն վերադառնան իրենց տները, իրենց տաքուկ ու ջերմ օջախները, իրենց մայրիկների գիրկը և այլևս ոչ մի մայր արցունք չթափի:
Որդեկորույս մորը ոչ մի մխիթարական խոսք ասել չես կարող: Միայն կարող ենք աղոթել, որ խաղաղություն գա մեր արծվի հոգուն, ով իր պարտքը կատարեց առ հայրենիք, սահմանը պահեց իր կյանքի գնով:
Յուրաքանչյուր զինվոր անսահման թանկ ու հարազատ է մեզ, մենք ազգովի ողբում ենք մեր ամեն մի զինվորի մահ-անմահությունը:Միակ սփոփանքը դա է և տա՛ Աստված, որ եթե անխուսափելի է որևէ կորուստ՝լինի միայն թշնամու ձեռքից:
Որովհետև սարսափելի և կրկնակի ցավ է, երբ հայը հայի ձեռքով է զոհվում կամ որևէ նման ողբերգություն է լինում:Ի վերջո, այս փորձությունները, որ Աստված անում է մեր ժողովրդի հետ, այլևս չանի, որովհետև մենք, միևնույն է, իր հոտի գառնուկներն ենք, մենք ընդունել ենք իրեն և մինչև վերջ իր կողքին ենք ՝ իր հավատքով, իր եկեղեցով:
Հայը ի սկզբանե դժբախտ է եղել, իր երջանկությունը միշտ շատ դժվար է վաստակել: Պատմության բոլոր դարերի պատմական անցքերը միշտ հղի են հայի ողբերգական դրվագներով: Նույնիսկ ամենամեծ, ամենաշռնդալից պահերին ինչ-որ ողբերգություն է եղել:
Ես ուզում եմ, որ այլևս դադարեն այդ ողբերգությունները, ուզում եմ, որ մենք հանգիստ ապրենք, արարենք և կառուցենք մեր երկիրը, որ շրջափակումներից կախված չլինեն մեր խնդիրները, չլինեն ինչ-որ կոմպրոմիսներ, դժվարություններ: Ուզում եմ, որ աշխատենք միայն հանուն երկրի, ժողովրդի համար և այլևս ատելություն իրար հանդեպ չլինի:
Տա՛ Աստված, որ այնքան հարուստ լինի գալիք տարին Հայաստանի բոլոր ասպարեզներում, ոլորտներում, հաղթանակներով, ձեռքբերումներով լինի, որ ձեր կայքը միայն դրական նյութեր տա»: