Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի  պաշտպան Հայկ Ալումյանը բողոք է ներկայացնելու առաջին ատյանի դատարան՝  փորձաքննությանը ներկա գտնվելու իր միջնորդությունը մերժելու  քննիչի որոշման դեմ:

Պաշտպանը ցանկանում էր ներկա գտնվել  Գյումրիի «հակամարտության» գործով նշանակված     դեպքի վայրի  տեսագրությունների  տեսաձայնագրային փորձաքննության անցկացմանը:  
 
Հայկ Ալումյանն ընդգծեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ  հոդվածը սահմանում է   փորձաքննություն նշանակելիս ու կատարելիս տուժողի,  կասկածյալի, մեղադրյալի  իրավունքները, որոնց թվում է քննիչի թույլտվությամբ փորձաքննության կատարմանը ներկա գտնվելու իրավունքը:  Քննիչի կողմից մերժումը անակնկալ էր կողմի համար, որովհետև մինչև հիմա, ըստ նրա,  ոչ մի քննիչ կամ դատարան, եթե գործը դատարանում է, նման միջնորդություններ  չի մերժել: Հ.Ալումյանը նկատեց նաև, որ մերժումը պատճառաբանվել է  քննիչի հայեցողությամբ, սակայն չի բացատրվել, թե ինչու  է նման  հայեցողություն ընտրվել:  Ուստի, ըստ փաստաբանի, «այս    դեպքում կամակայականորեն չթույլատրեցին ներկա գտնվել փորձաքննությանը»:
 
Պաշտպանը բողոք է ներկայացնելու նաև Վերաքննիչ քրեական դատարան՝ իր պաշտպանյալին տուժող չճանաչելու քննիչի որոշման դեմ իր բողոքը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Իր պաշտպանյալ Վահե Ղուկասյանը քրեական օրենքով արգելված հրազենային կրակոցի հետևանքով որովայնի շրջանում վնասվածք է ստացել և  պետք է տուժող ճանաչվի՝ առավել ևս, որ դեռ պարզ չէ, թե  իրականում ո՞վ է առաջինը կրակել:
 
Վ.Ղուկասյանի պաշտպանը բողոք է ներկայացնելու նաև Վճռաբեկ դատարան՝ ընդդեմ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման, որով ուժի մեջ էր թողնվել իր պաշտպանյալին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Ըստ պաշտպանի, այս անգամ խնդիրը կոնցեպտուալ է՝  Վերաքննիչ դատարանը սխալ է վարվել՝  շտկելով առաջին ատյանի թերացումները  և վերջինիս որոշումը ուժի մեջ թողնելով՝ Վերաքննիչ դատարանն  արձանագրել էր, որ կալանավորումն ընտրելու համար բավարար  նյութեր չեն ներկայացվել,  քննիչից պահանջել այդ նյութերը, ներգրավել դրանք գործում և  հետո դրանց հիման վրա անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:  
 
Մինչդեռ ըստ պաշտպանի, Վերաքննիչ դատարանը պետք է գնահատեր առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը՝ առաջին ատյանի դատարան ներկայացրած նյութերով կարելի՞ էր անձին կալանավորել, թե ոչ: Պաշտպանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանները ավելի ճիշտ, արդյունավետ ու օրինական  կաշխատեն, եթե վերադաս դատարանը  թերությունները վերացնելու փոխարեն,  վերացնի առաջին ատյանի դատարանի որոշումը:
 
Աղբյուրը՝ Փաստինֆո