«Հին նորմերը դեռևս շարունակվում են պահպանվել, մինչև նորերը կկիրառվեն, բայց դեղահաբերի հատով վաճառքն այսուհետ անհնար կլինի»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը՝ անդրադառնալով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններին, որոնց համաձայն՝ Հայաստանի տարածք ներմուծված դեղերը պարտադիր պետք է դրոշմապիտակավորվեն:
Սամվել Զաքարյանի խոսքով՝ դեղերի մասին և՛ հին օրենքով, և՛ նոր օրենքով Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում չի թույլտրվում դեղահաբերի հատով վաճառք իրականացնել. «Ուղղակի հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունը, մեծ թվով աղքատ բնակչության առկայությունը և սոցիալան վիճակը՝ մատների արանքով են նայել այդ արատավոր երևույթին»:
Ս. Զաքարյանի խոսքով՝ անհասկանալի էր Դեղերի մասին օրենքի հապշտապ ընդունելը, քանի որ, ըստ նրա, դեռ աշխատանք կար անելու: Անդրադառնալով դիտարկմանը, որ մի քանի օր է ուժի մեջ է մտել Դեղերի մասին նոր օրենքը, և արդեն բազմաթիվ դժգոհություններ և մտահոգություններ կան՝ կապված այս օրենքի հետ, առաջին հերթին մտավախություն կա, որ այն հանգեցնելու է դեղերի գնի թանկացմանը, Ա. Զաքարյանը հավաստիացրեց, որ Դեղերի մասին նոր օրենքը դեղերի թանկացման կամ էժանացման չի կարող հանգեցնել: