Armtimes.com-ը գրում է. Հայաստանի տարածքը այս պահին շարունակում է գտնվել Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որն իր հետ բերել է ջերմաստիճանի բարձրացում եւ տեղումներ:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նախորդ օրերի հետ համեմատ օդի ջերմաստիճանը Հայաստանում արդեն բարձրացել է 10-15 աստիճանով:
«Այսօր գիշերը Արարատյան դաշտում գրանցվել է ընդամենը -6...-7 աստիճան ցուրտ՝ նախորդ օրերի -20...-22-ի փոխարեն: Հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղացել. հատկապես առատ տեղումներ են գրանցվել Ջերմուկի հատվածում եւ Արարատյան դաշտում»,- մանրամասնեց Սուրենյանը:
Օդերեւութաբանը ընդգծեց, որ այսօր ամբողջ օրը ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, իսկ վաղվանից սկսած ազդեցությունը կթուլանա:
«Ամպամածությունը կթուլանա եւ հիմնական տեղումները կդադարեն, բայց չի բացառվում, որ առանձին հատվածներում թույլ ձյունը շարունակվի: Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին՝ առաջիկա 5 օրերին այն էապես չի փոխվի: Ջերմաստիճանի նվազում չենք կանխատեսում, քանի որ եւ տաք օդային հոսանքները եւ ամպամածությունը պահպանվելու են»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Վարդանյանն այսօր ԱԻՆ-ում ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ ներկայացնելով առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը՝ հայտնել է, որ դեկտեմբերի 31-ից նոր ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք, կանխատեսվում է առատ ձյուն, սակայն ջերմաստիճանի նվազում չի սպասվում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում