«Կյանք ու կռիվ» ֆիլմի մասին շատ խոսվեց: Կինոսերների ուշադրությունն այն գրավեց պրեմիերայից դեռ շատ ավելի շուտ՝ շնորհիվ իր հրաշալի գովազդային պաստառի: Իսկ պրեմիերայից հետո հայկական ժամանակակից կինեմատոգրաֆի պատմությունը հստակորեն բաժանվեց առաջ և հետո փուլերի:
Ավելին ասել, քան արդեն ասված է ֆիլմի մասին, ժամանակավրեպ կլինի, որովհետև համոզված ենք, որ Հայաստանում չկա հայրենական կինոարտադրությամբ հետաքրքրվող գոնե մեկը, ով այն չի դիտել: Ֆիլմն այնքան ճիշտ էր, իսկական ու մեր կյանքից, որ շարունակությունը չէր կարող ուշանալ, որովհետև կյանքն էլ է շարունակվում՝ իր մարդկային ողբերգություններով ու բազմաթիվ երջանիկ պատմություններով:
Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի մոտավոր բովանդակությանը դեռ հոկտեմբերին էր ծանոթացրել. «Ֆիլմում տեղ գտած իրադարձություններից թռիչք կատարելով 2016 թվական՝ ստեղծագործական թիմը որոշել է մեծ էկրանին ցուցադրել, թե հերոսներից յուրաքանչյուրը 25 տարի անց ինչ ճակատագրի է արժանացել: «Կյանք ու կռիվ 2-ում» ներգրավված կլինեն մերօրյա իրադարձությունները՝ առանցքում Քառօրյա պատերազմը` արցախյան և հայաստանյան զարգացումների խորապատկերում»: Ռեժիսորը հայտնել էր նաև, որ փոխված է ֆիլմի դերասանական ողջ կազմը:
Եվ ահա այսօր տեղի ունեցավ «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» տեսահոլովակի պրեմիերան: Ֆիլմի սաունդթրեքը նույնն է, սակայն այս անգամ Արթուր Գրիգորյանի փոխարեն այն կատարել է Ռազմիկ Ամյանը: Տեսահոլովակից պարզ է դառնում, որ Սամվել Թոփալյանի մարմնավորած կերպարը 25 տարի անց խաղում է Բաբկեն Չոբանյանը, Անի Խաչիկյանին փոխարինում է Անի Ղազարյանը, իսկ խուլ ու համր Սոֆիի՝ էլեն Սարգսյանի հերոսուհուն մարմնավորում է Նարինե Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան կկայանա սույն թվականի հունվարի 27-28-ին՝ ի նշանավորումն Հայկական բանակի կազմավորման 25 ամյակի: Եվ արդեն միայն այս մի քանի րոպե տևողությամբ տեսահոլովակը փաստում է՝ գարունը կրկին հայկական կինոյինն է լինելու Հայաստանի բոլոր կինոթատրոններում :