YN.am-ը (ԵրևանՆյուզ) գրում է.
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը կայացավ Մուղդուսյան արվեստի կենտրոնի հիմնադրման երկրորդ տարվան նվիրված հաշվետու ցուցահանդեսի բացումը:
Ցուցադրված էին կենտրոնի փոքրիկ սաների աշխատանքները, ովքեր սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիչներ են: Մուղդուսյան արվեստի կենտրոնը չունի կայուն ֆինանսավորում և տարբեր միջոցներով է հոգում կարիքավոր երեխաներին ներկերով և այլ նյութերով ապահովելու, վարձակալության, ջեռուցման և այլ ծախսերը:
Կենտրոնի սաներից է նաև 11-ամյա Վոլոդյան, ում ընտանիքի խնդիրներին բազմիցս անդրադարձել ենք: Վոլոդյան իր ծնողների հետ բնակվում է չարաբաստիկ Նազարբեկյան 48 շենքում: Շենքը զրկված է հարմարավետության տարրական պայմաններից: Վոլոդյան, նրա մանկահասակ քույրը և հաշմանդամ ծնողներն ապրում են բաց երկնքի տակ. շենքը հանդիսանում է անավարտ շինություն, չունի կտուր, վերելակ, անգամ սաղնդուղքով բարձրանալն է վտանգավոր: Նազարբեկյան 48 շենքը մինչ այս տարի չուներ անգամ կոյուղի. միայն համառ պայքարի արդյունքում հնարավոր եղավ շենքն ապահովել առաջին անհրաժեշտության այս պայմանով: Տաղանդավոր այս փոքրիկը, ով գերազանց է սովորում նաև դպրոցում, մատնված է պետական կառույցների անուշադրությանը, քանի որ Երևանի քաղաքապետարանը, ով ըստ էության պատասխանատու է իրավիճակի համար, կտրականապես հրաժարվում է շենքից և պնդում, որ այն չկա Երևան քաղաքի հաշվեկշռում:
Կադրում մեր նախորդ տարվա նկարահանումներն են:
Այս տարի Վոլոդյայի տունը ցուրտ է. նրանք չունեն վառելափայտ, կուտակել են հոսանքի օգտագործման պարտք, իսկ ձյունն ու անձրևաջրերը շարունակվում են լցվել նրանց բնակարան: Այսպիսի ընտանիքներ Նազարբեկյան 48 շենքում շատ են: Երևանի քաղաքապետարանը անգամ հաշվի չի առնում շենքում բնակվելու անմարդկային պայմանները՝ շարունակելով ժխտողական քաղաքականություն վարել: