Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:
Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել
Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը: Այսօր էլ հայերն ապրում են երկրագնդի նույն հատվածում, որտեղ Քրիստոսից` 9, իսկ մեզանից 29 դար առաջ դրվել են հայկական քաղաքակրթության հիմքերը: Այդ ժամանակահատվածում Հայկական լեռնաշխարհում` Վանա լճի ավազանում, ասպարեզ իջավ մի պետություն, որը ասորեստանյան սեպագիր արձանագրություններում հայտնի է իբրև Ուրարտու, իսկ Աստվածաշնչում հիշատակվում է իբրև Արարատյան թագավորություն (Երեմիա, գլ. ԾԱ): Ապացույցի կարիք չկա. այս պատմությունը փաստագրված է քարի, կավի ու բրոնզի վրա գրված 600 սեպագիր տեքստերով: Մեզ հասած ուրարատական աղբյուրներում Էրեբունի անունը հիշատակվում է 12 անգամ:
Երևանն ունի իր «քարե անձնագիրը», որը ցուցադրված է Հայաստանի պատմության պետական թանգարանում. քաղաքի սկզբնավորումն ավետող բազալտի հնամյա քարի վրա փորագրված է. «Այս ամրոցը հոյակապ կառուցեցի»: Երևանի տարածքում գտնվող Էրեբունի ամրոցի ավերակները դեռևս պահել են այդ «հոյակապության» հետքերը:
Հին Երևանի մասին պատկերացում ենք կազմում ոչ միայն հայ հեղինակների աշխատություններից (Եր. Շահազիզ «Հին Երևան», Թ. Հակոբյան «Երևանի պատմություն») այլև եվրոպացի ճանապարհորդների գրքերից:
Երևանի հնամյա պատմությունը, Արարատյան դաշտում և բիբլիական Արարատ լեռանը մոտ գտնվելու փաստը հիմք են հանդիսացել, որպեսզի Երևան այցելեն շատ ճանապարհորդներ: Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն, 1632-1662թթ. ընթացքում վեց անգամ լինելով Հայաստանում, գրել է, որ «Երևանը բնակեցված է բացառապես հայերով», գծել է քաղաքի հատակագիծը և նկարագրել Երևանը, իբրև երկու-երեք հարկանի տներով կառուցապատված և պարտեզներով ու խաղողի այգիներով շրջապատված մի գողտրիկ քաղաք:
Երևանը մանրամասն նկարագրել է նաև 1673 թ պարսից արքունի ակնագործ, ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը: Հետաքրքիր է Շարդենի` Երևանի հայտնի անառիկ բերդի նկարագիրը` «Երևանում գտնված բերդը կարող է ինքնըստինքյան քաղաք համարվել, այն ձվաձև է, չորս հազար քայլ շրջագծով և իր մեջ ունի 8 հարյուր տուն»:
Նրա այցից 6 տարի անց քաղաքն ավերվել է կործանիչ երկրաշարժից: 17 դարում Երևան այցելած ճանապարհորդները նկարագրում է են Հրազդանի կիրճը , Երևանի բերդը, երկու մեծ եկեղեցի, քաղաքի շուկան:
1812թ. դիվանագետ Ֆրեյգանը գրել է. «Բերդը գերազանց կառույց է, որը կարելի է պաշարել, բայց անհնար է գրավել»:
Անգլիացի ճանապարհորդ, աշխարահագրագետ Հենրի Լինչը երկու անգամ` 1893 և 1898 թվականներին եղել է Հայաստանում, և իր տպավորություններն ամփոփել ակնարկների «Հայաստան» գրքում: Անգլիացի ազնվականը յուրահատուկ ջերմությամբ է նկարագրում Երևանը. «Կանաչի մեջ թաղված քաղաք, այգիների քաղաք, որտեղ Հրազդան գետից և Կրկբուլախի աղբյուրներից սնվող բազմաթիիվ ջրանցքների շնորհիվ վաղ գարնանից մինչև ուշ աշուն կանաչի կատարյալ թարմություն է բուրում»: Գեղեցիկ բնությունից բացի, Լինչին ապշեցրել և հիացրել է քաղաքի կազմակերպված դպրոցական համակարգը, որը հեղինակը կապում է 5-րդ դարից ավանդված գրական մշակույթի հետ:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Երևանը դարձավ Հայաստանի առաջին հանրապետության մայրաքաղաքը (1918-1920թթ.): 1920թ. նոյեմբերի 29-ին բոլշևիկյան 11-րդ կարմիր բանակը նվաճեց Հայաստանը, և 1920թ. դեկտեմբերի 2-ին երկիրն անցավ Խորհրդային իշխանության ներքո:
Հնամյա քաղաք և նոր մայրաքաղաք Երևանի համար նոր ժամանակներ սկսվեցին: 1924 թվականին կառավարությունը հաստատեց Երևանի նոր հատակագիծը: Հանճարեղ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած հատակագծում հաշվի էր առնված քաղաքաշինության եվրոպական փորձը, և ելնում էր այն հայեցակարգից, որ մայրաքաղաքը պետք է ունենա բացառապես նոր ու ինքնատիպ նկարագիր` ժամանակակից քաղաքին հատուկ բոլոր հատկանիշներով և ազգային ճարտարապետության ավանդույթների պարտադիր կիրառմամբ:
Մայրաքաղաքը սկսեց արագ ընդարձակվել. ընդամենը հիսուն տարվա ընթացքում երեսուն հազարանոց բնակչությամբ փոքր գավառական քաղաքից վերածվեց մեկ միլիոնից ավելի բնակիչ ունեցող մշակութային, քաղաքական և արդյունաբերական կենտրոնի:
Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը 1991թ. սեպտեմբերի 21-ին անկախ հռչակվեց, և Երևանը պահպանեց մայրաքաղաքի կարգավիճակը:
Անկախությունը ձեռք բերվեց շատ թանկ գնով. Շիրակի և Լոռվա մարզում 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժը խլեց ավելի քան 25.000 կյանք, 1990-1994թթ.-ի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կործանեց հազարավոր կյանքեր: Երկիրն էներգետիկ ճգնաժամ ապրեց, շարունակական շրջափակումները համարյա քայքայեցին երկիրը` Երևանը գցելով տևական քաոսի մեջ:
Դաժան փորձություն անցած մայրաքաղաքն այժմ վերականգնման ճանապարհին է և շարունակում է մնալ կրթության, գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի և առևտրի կենտրոն: Երևանը անընդհատ ենթարկվում է խոշոր փոփոխությունների: Նոր ճանապարհների, ռեստորանների, խանութների և բնակելի տարածքների կառուցմամբ հնամենի քաղաքը նոր դեմք է ստացել` կրկին դառնալով աշխարհով մեկ սփռված տասը միլիոն հայ ազգի սիրտն ու ոգին:
2008թ. նշվեց Երևանի հիմնադրման 2790-րդ տարեդարձը: Ներկայում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են 19 գրադարան, 5 թանգարան (այդ թվում`Երևան քաղաքի պատմության թանգարանը), արվեստի ու երաժշտական 25 դպրոց, «Երևան» փողային նվագախումբը և երեք թատրոն` Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնները: Երևան քաղաքի պատմության թանգարանում պահվում են տարբեր ժամանակաշրջաններում քաղաքի կյանքն ու պատմությունը, նյութական ու հոգևոր մշակույթը վկայող 87 հազար նմուշ: Ու ներկայացվում է հայոց մայրաքաղաքի հինավուրց ու նոր պատմությունը: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն ունի իր դրոշը, զինանշանն ու օրհներգը: