Հայկական ակումբային ֆուտբոլի մակարդակը տարեցտարի հետընթաց է ապրում, նվազում է թիմերի քանակը, էլ ավելի են դատարկվում տրիբունաները, իսկ համեմատաբար հաջող հանդես եկած խաղացողներն առաջին իսկ հնարավորության դեպքում մեկնում են արտասահման: Այդուհանդերձ, չպետք է մոռանալ, որ մեր ֆուտբոլում միշտ եղել են խաղացողներ, ովքեր ուժերը փորձել են եվրոպական առաջատար առաջնություններում և արտերկրում ստիպել խոսել Հայաստանի մասին:
Հենրիխ Մխիթարյանի օրինակն այս առումով ամենացայտունն է: Նրա տպավորիչ ելույթներն Ուկրաինայում, Գերմանիայում և այժմ էլ Անգլիայում ֆուտբոլային գործակալներին և սկաուտներին ստիպել են ավելի մեծ ուշադրություն դարձնել ֆուտբոլային գերտերություն չհամարվող Հայաստանի վրա: Իսկ մենք ունեցե՞լ ենք նման մակարդակի ֆուտբոլիստներ վերջին տարիներին և առջևում նշարվո՞ւմ է «նոր Մխիթարյան»: Հայ ֆուտբոլասերների կուռքը 21-րդ դարի սկզբում Էդգար Մանուչարյանն էր: «Ոսկե տղան» գերազանցում էր տարիքային հնարավոր ու անհնարին բոլոր ռեկորդները, և մասնագետները նրան բացառիկ կարիերա էին խոստանում: Նա նույնիսկ հանդես եկավ ֆուտբոլային իսկական դարբնոց համարվող «Այաքսի» կազմում, սակայն վնասվածքներն Էդգարին այդպես էլ թույլ չտվեցին բացահայտելու իր ամբողջ ներուժը:
Իսկ ո՞վ է ժամանակակից հայկական ֆուտբոլի ամենահեռանկարային խաղացողը: Եթե չունեք հստակ պատասխան, ապա գուցե կողմնորոշվեք մեր անդրադարձից հետո:
Երբ որդին օգնում է հորն ամենածանր պահին
2016 թվականի հուլիսի 7, Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտ. Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակներում «Շիրակը» սկզբունքային հանդիպում ուներ հարևան Վրաստանի թիմի՝ «Դիլայի» հետ: Խաղի շուրջ լարվածություն էր կուտակվել մի քանի պատճառներով: Նախ, հայ-վրացական ֆուտբոլային դիմակայությունը երկար պատմություն ունի և միշտ էլ երկու կողմերին ստիպում է ներդնել առավելագույն ուժերը միմյանց միջև հանդիպումներում: Կար նաև զուտ մարզական կողմը. վրացական թիմն առաջին խաղում հաղթել էր 1-0 հաշվով, և գյումրեցիներին պատասխան մրցավեճում միայն հաղթանակը դուրս կբերեր հաջորդ փուլ:
Ընթանում էր լարված պայքար, սակայն դաշտի տերերին այդպես էլ չէր հաջողվում կոտրել մրցակցի դիմադրությունը: Սակայն «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը երկրորդ խաղակեսի ընթացքում մի պահ շրջվեց դեպի պահեստայինների նստարանը, տեսավ այնտեղ որդուն՝ 16-ամյա Վահանին, և հասկացավ, որ ծանր իրավիճակում հենց նա կարող է փրկել թիմին: Վերջինս 65-րդ րոպեին դուրս եկավ խաղադաշտ և, ինչպես արժանի զավակ, չէր կարող հուսախաբ անել հորը: Խաղավարտից 7 րոպե առաջ ստանալով գնդակը՝ Վահանը մոտ 25 մետր հեռավորությունից այնպես հարվածեց դեպի ձախ անկյունը, որ դարպասապահը ոչ մի շանս չուներ փրկելու իր թիմին:
16-ամյա խաղացողի ուրախությանը չափ ու սահման չկար: Նա պատանի տարիքում այնպիսի վարպետություն դրսևորեց, որ քչերը կարող են կրկնել նույնիսկ 30 տարեկանում: Վահան Բիչախչյանը դարձավ հայկական ակումբների կազմում եվրագավաթներում երբևէ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Նա խաղի օրն ընդամենը 16 տարեկան, 364 օրական էր: «Շիրակն» այդ երեկո հաջորդ փուլի ուղեգիր ձեռք բերեց՝ հաղթելով մրցակցին 11-մետրանոց հարվածաշարում:
Եթե մինչ այդ հանդիպումը Վահանին շատերն ընդունում էին որպես պարզապես «Վարդան Բիչախչյանի որդի», ապա «Դիլայի» հետ մրցավեճը փոխեց բոլոր հոռետեսների կարծիքը:
Ֆուտբոլային Եվրոպայի ուշադրության կենտրոնում
Հայկական ֆուտբոլի հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր անձ սկսեց մտածել՝ «Ո՞վ է այդ տղան, մի՞թե մեր ֆուտբոլում նոր աստղ է հայտնվել»: Վահանը ծնվել է մարզական ընտանիքում: Վարդան Բիչախչյանը գլխավորում է «Շիրակը», իսկ պապը՝ Վահան Բիչախչյանը, ծանրամարտի մարզիչ է, ով ունի ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր մարզչի կոչում: Բնական է, որ նման ընտանիքում մեծացած տղան չէր կարող ոչ մարզական մասնագիտություն ընտրել: Վահանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում իր նորամուտը նշել է 2016 թվականի մարտի 12-ին, երբ «Շիրակը» Գյումրիում ընդունել էր «Միկային»: Երկրի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցել է 10 հանդիպման՝ բոլոր դեպքերում էլ դուրս գալով փոխարինման: Նա դարձել է 2 գոլի հեղինակ, ընդ որում՝ դրանք հաղթական են եղել գյումրեցիների համար:
Ինչպես նկատում եք, Վարդան Բիչախչյանն ամենևին չի շտապում Վահանին արդեն հիմա մեկնարկային կազմի ֆուտբոլիստ դարձնել: Սա լիովին արդարացի և սառը գլխով կատարված որոշում է: Չպետք է մոռանալ, որ ֆուտբոլիստը դեռևս ուժերի ծաղկման վաղ շրջանում է և ֆիզիկական ավելորդ ծանրաբեռնվածությունը միայն կարող է խանգարել նրան: Ճիշտ է, պետք է ամրանալ և կոփվել, բայց 17 տարեկանում, երբ մկանները դեռ ամբողջությամբ ձևավորված չեն, լուրջ վնասվածքներ ստանալու հավանականությունը մեծ է: Ուստի մարզիչները հանգստություն են պահպանում և փորձում հետզհետե մեծացնել նրան հատկացվող խաղաժամանակը:
Եվրոպայում Վահան Բիչախչյանի մասին սկսեցին բարձրաձայն խոսել այն ժամանակ, երբ բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը նրան ընդգրկեց 1999թ. ծնված ամենատաղանդավոր 100 ֆուտբոլիստների ցուցակում: Դա, ինչ խոսք, կարևոր իրադարձություն էր, քանի որ նման պարագայում եվրոպական հայտնի ակումբները կարող էին իրենց ուշադրությունը սևեռել պատանի խաղացողի ուղղությամբ: Պարբերականին տպավորել էր հատկապես «Դիլայի» հետ վերոնշյալ մրցավեճում նրա հեղինակած հրաշալի գոլը: Իրադարձությունները զարգացան այնպես, ինչպես կանխատեսվում էր: