Հունվարի 25-ի երկրորդ կեսից հանրապետության տարածք կներթափանցի նոր՝ հզոր ցիկլոն, որի հետեւանքով հունվարի 26-28-ը ժամանակ առ ժամանակ տեղումներ կգրանցվեն. տեղումներն առավել հաճախակի կլինեն հունվարի 27-ին, իսկ ջերմաստիճանը կբարձրանա: Այս մասին Հայաստանի ԱԻՆ-ում կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ նշել է «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը:
Օդի ջերմաստիճանը հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով, այնուհետեւ մինչեւ հունվարի 28-ը կմնա անփոփոխ: Երեւանում հունվարի 26-28-ին գիշերը կգարնցվի -5-7, ցերեկը -1-3 աստիճան ցուրտ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթեւոսյանը նշեց, որ ակադեմիայում մեկնարկել է դպրոցների՝ տարրական եւ միջին դասարանների ուսուցիչների վերապատրաստումը:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը եւ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների եւ ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվեց նաեւ մարզերում ճանապարհների անցանելիության եւ երեք մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերի աշխատանքների մասին:
ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանը հորդորեց ՓԾ տնօրենին խստագույնս հետեւել մարզերում փրկարար ծառայության գործունեությանը՝ մասնավորապես հրշեջ-փրկարարական եւ քաղաքացիական պաշտպանության հենակետերի աշխատանքներին: