ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ օրերս Տավուշի մարտական դիրքերից մեկում տեղի ունեցած դժբախտ դեպքին՝ ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի մահվանը: Լրագրողների դիտարկմանը, թե զինվորը տան միակ տղան էր, միակողմանի ծնողազուրկ, արդյո՞ք խախտում չէր նրան բանակ զորակոչելը, նախարարն ասաց՝ իրեն զեկուցած նյութերի մեջ զորակոչի որևէ խախտում չի եղել: Նշենք, որ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Սարգսյանը հավելեց, որ ևս մեկ անգամ կծանոթանա գործերին, որից հետո հստակ կկարողանա ասել՝ խախտում եղել է, թե ոչ: «Անկախ ամեն ինչից՝ ցանկացած զինվորի մահ, դժբախտ պատահար՝ շատ ծանր է: Ընտանիքը զավակին վստահել է բանակին և բանակը պետք է փորձի ամեն ինչ անել, որպեսզի պատասխանատու լինի զինվորի ծառայության պայմանների, հոգեկան վիճակի, անգամ նրա տրամադրության համար»,- շեշտեց նախարարը:
Խոսելով Զինված ուժերում ինաքնասպանությունների մասին, նախարարը նշեց, որ վերջին տարիներին չորս անգամ նվազել են նման դեպքերը: «Մեզ համար դա հսկայական ցավ է, բայց ուսումնասիրելով տարիների վիճակագրությունը՝ ես մի բան եմ պարզ տեսել՝ զինված ուժերում և դրանից դուրս՝ նույն տարիքային խմբի տղամարդկանց մեջ ինքնասպանությունների թիվը գրեթե 4 անգամ պակաս է: Դա չի նշանակում, որ մենք պետք է հանգստանանք, բայց դա նշանակում է, որ զինված ուժերում այն գործառույթները՝ հրամանատարական վերահսկողություն, հոգեբանական, անձնակազմի հետ տարվող աշխատանք և այլն, որոշակի արդյունք տալիս է։ Իհարկե, դժվար պայմաններ են, լարվածության մակարդակը, սթրեսը ավելի բարձր են, բայց տեսեք՝ դրան զուգահեռ՝ նույն տարիքային խմբի մեջ մենք ունենք շատ ավելի ցածր ցուցանիշներ»,- մանրամասնեց Վիգեն Սարգսյանը:
Ի դեպ՝ մահացած զինվորի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին և ասում են, որ իրենց որդու դեմքի և ձեռքերի վրա բռնության հետքեր են տեսել: Զինծառայողի մորաքույրը պնդում է, որ իրենց որդուն սպանել են, ապա զենքը դրել ձեռքի մեջ՝ ներկայացնելով որպես ինքնասպանություն: Շավարշ Գալստյանը 5 տարի առաջ էր մոր հետ ՌԴ-ից տեղափոխվել Հայաստան, բնակվում էին Աբովյանում, հայրը ՌԴ-ում մահացել էր, ինքն էլ տան միակ զավակն էր: