2016 թվականի հուլիսի 18-ին ՀՀ ԶՈՒ զորակոչված զինծառայող Համլետ Ասրյանն չորս ամսից ավելի է գտնվում է «Մուրացանի» զինվորական հոսպիտալում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Համլետ Ասրյանի մայրը՝ Լուսինե Ասրյանը:
«Որդիս բանակ է զորակոչվել 2016 թվականի հուլիսի 19-ին, մոտ երեք ամիս բանակում ծառայելուց հետո տեղափոխվել է «Մուրացանի» հոսպիտալ և մինչ օրս այնտեղ է: Նա մի շարք առողջական խնդիրներ ունի՝ բերանի խոռոչի, սրտի, թոքերի և այլն, բայց այդ ունի երակների լայնացում»,- ասաց զինվորի մայրը:
Նրա խոսքով՝ որդին բանակ է զորակոչվել մի շարք հիվանդություններով: Լուսինե Ասրյանը պատմեց, որ չորս տարեկանից որդին առողջական խնդիրներ է ունեցել, անգամ դպրոցում ֆիզկուլտուրայի դասերին երբեք չի մասնակցել:
«Փոքր հասակից ուշաթափվում էր, ինքը երեխա ժամանակվանից միշտ հիվանդ է եղել, խնդիրներ ունեցել է, ուշաթափ է եղել և այդպես էլ զորակոչվել է բանակ»- ասաց Ասրյանը:
«Մուրացանի» զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Համլետ Ասրյանը առողջական մի քանի խնդիր ունի.«Բնածին զարգացման արատ ունի, կրծքավանդակի և ողնաշարի ռախիտ է, այդ թվում նաև եղել է երակների վարիկոզ լայնացում, որի համար մեզ մոտ վիրահատվել է»:
Արամ Ասատուրյանն ասաց, որ պարբերաբար Համլետ Ասրյանին ներկայացրել են փորձաքննության և նրան ներկայացրել են որպես ծառայության ոչ պիտանի.«Հարցը պետք է քննվի համապատասխան հանձնաժողովներում, սակայն այն պարբերաբար հետաձգվել է: Այսօրվա կարգավիճակով նա ճանաչվել է որպես ոչ պիտանի և մոտակա ժամանակներում Պաշտպանության նախարարի հրամանը կլինի:
Արամ Ասատուրյանն ասաց, որ ինքն իրավասու չէ պատասխանել այն հարցին, թե ինչպես է զորակոչվել բնածին արատով երիտասարդը:
Պաշտպանության նախարարությունից Tert.am-ին ասացին, որ գործի հետ կապված մանրամասները կարող են ներկայացնել գրավոր հարցումը ստանալուց հետո: Գերատեսչության պաշտոնական տեսակետը կներկայացնենք ավելի ուշ:
Նշենք, որ Համլետ Ասրյանը Կոտայքի մարզի Նոր Գեղիի բնակիչ է: Ընտանիքն ապրում է սոցիալական վատ պայմաններում: Համլետ Ասրյանն անչափահաս մեկ քույր և չորս եղբայր ունի: