«Հարսնաքար»  ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի  17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում  ցուցմունք տվեց գործով վկա Դիանա Նավոյանը. նա տուժող` բռնարարքի հետևանքով հետագայում մահացած Վահե Ավետյանի ու նրա ընկերների հետ դեպքի օրը գտնվել է ռեստորանային համալիրում:  

 
Ականատես վկայի տեղեկությունները դեպքի մասին շատ սուղ էին: Նա, մասնավորապես, ականատես է եղել, թե ինչպես է համալիրի մատուցող, ամբաստանյալ Դավիթ Ադամյանը դիտողություն արել բժիշկ Վահե Ավետյանին՝  «սպորտային վարտիքով չի կարելի»:   Հետո Վ.Ավետյանը գնացել է տուն   և շալվարը փոխած վերադարձել: Ապա Վ.Ավետյանը՝ դիմելով նույն մատուցողին, հարցրել  է՝  «կարո՞ղ է իմ կեպին դուր չի գալիս» և վերջինիցս ստացել պատասխան՝ «կա՞յֆ ես բռնում»,  և մատուցողն ու տուժողը  դուրս  են եկել:   Դրանից հետո Դ.Նավոյանն, ըստ ցուցմունքի,  ոչնչից տեղյակ չի եղել: Մասնավորապես,  այն մասին, որ Վահեն վնասվածքներ է ստացել, իմացել է առավոտյան լուրերից:
 
Այսօրվա դատական նիստը, ըստ նախագահող դատավորի հայտարարության,  պետք է տևեր մինչև 16.30-ը: Այդ մասին դատարանին հիշեցրեց ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը և խնդրեց թույլ տալ իրեն մասնակցել այլ  դատական նիստի՝ կալանքի թույլտվություն տալու մասին, սակայն դատարանը չբավարարեց պաշտպանի միջնորդությունը:  Պաշտպանը հայտարարեց, որ չի  հեռանա  դատարանից, որպեսզի դա չդիտվի որպես անհարգալից վերաբերմունք, սակայն չի մասնակցի դատական նիստին և դրա համար  պաշտպանը «արժանացավ» դատական տույժի՝  նախազգուշացման: Դատարանը չբավարարեց նաև պաշտպանի միջնորդությունը վկային հարցեր տալու համար իրեն ժամանակ ու  դատական նիստի ձայնագրառման կրիչ տրամադրելու մասին: