Նիկոլաե Չաուշեսկուն Ռումինիայում ղեկավարել է 1965-1989թթ.: Ռումինիան նրա օրոք է դարձել Եվրոպայի ամենաաղքատ երկիրը, իսկ նրա ընտանիքը` ամենահարուստը: Չաուշեսկուի ընտանիքին են պատկանել Բուխարեստի ամենաշքեղ ու էլիտար շենքերը, խանութները, հանգստավայրերն ու ռեստորանները: Չաուշեսկուի նստավայրը իր մեծությամբ զիջում էր միայն Պենտագոնին:
1989թ. Նիկոլաեի դեմ սկսված համաժողովրդական ալիքը բռնապետը ճնշեց` հրամայելով կրակել ցուցարարների վրա: Միայն Բուխարեստում սպանվեց 89 մարդ, իսկ ողջ Ռումինիայում զոհվածների թիվը գերազանցեց 1000-ը: Սակայն հաջորդ օրը բանակն անցավ ժողովրդի կողմը, Չաուշեսկուն ձերբակալվեց փախուստի պահին: 1989 թ. դեկտեմբերի 25-ին կայացավ Չաուշեսկուի դատը: Վերջինս դատապարտվեց հետևյալ հոդվածներով.
ազգային տնտեսության թուլացում (հոդված 145)
զինված հարձակում ժողովրդի և պետության դեմ (հոդված 163)
ազգային ինստիտուտների վերացում (հոդված 165)
սեփական ժողովրդի ցեղասպանություն (հոդված 356):
Չաուշեսկու ամուսիններին առաջարկվեց անցնել դատաբժշկական փորձաքննություն, հոգեկան հիվանդության առկայության դեպքում հարկադիր բուժում ստանալ, բայց նրանք ոչ մի կերպ չհամաձայնեցին:
1989 թ. դեկտեմբերի 25-ին դատական նիստը ձայնագրվեց և ցուցադրվեց ռումինական հեռուստատեսությամբ, որից հետո, վճռի համաձայն, Տիրգովիշտե քաղաքի շրջակայկում՝ զինվորական զուգարանի պատի մոտ Չաուշեսկու ամուսինները գնդակահարվեցին: Սպանվեցին նրանք 100-ավոր կամավոր զինվորականներից 3-ի ձեռքով: Նրանց ուղղությամբ սլացավ ոչ պակաս քան 30 փամփուշտ: Այդ ամենը տեղի ունեցավ այնքան արագ, որ նկարահանման խումբը չհասցրեց ոչինչ արձանագրել:
#Նիկոլաե Չաուշեսկու #դեկտեմբերի 25