Հայաստանում երիտասարդներից շատերը, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, այսօր ի վիճակի չեն 30% կանխավճարով բնակարան ձեռք բերել, իսկ ավելի ցածր տոկոսադրույքներ և կանխավճարի որոշակի չափ պահանջող ծրագրերից օգտվելուց էլ շատերը զրկված են՝ չհամապատասխանելով մի շարք չափանիշների:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայ Յեղափոխական Դաշնակցությունից» Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա թիվ 3 ընտրատարածքում ռեյտինգայինով առաջադրված պատգամավորության թեկնածու, երիտասարդ տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նա, լինելով պետական հատվածի աշխատող (ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակից), կարող է օգտվել պետական աշխատողների համար նախատեսված ծրագրից (petbnakaran.am), որն ընդամենը 7,5 տոկոս կանխավճար է պահանջում բնակարանի համար՝ մինչև 20 տարի մարման ժամկետով առաջարկելով տարեկան 10%-ով հիփոթեքային վարկ, իսկ վարկի տոկոսադրույքը կարելի է մարել իր աշխատավարձից պահվող եկամտային հարկի հաշվին։ Այսինքն՝ պետական աշխատողների համար հնարավորություն է ընձեռված միայն մայր գումարը վճարելով ձեռք բերել բնակարան։
Սակայն շատ այլ երիտասարդներ նման հնարավորություն չունեն՝ կամ պետական սեկտորում չեն աշխատում, կամ բանկերի կողմից վարկունակ չեն դիտվում բավարար աշխատավարձ չստանալու պատճառով, կամ ունեն վարկային վատ պատմություն: Անգամ վարկային պատմություն չունենալու պատճառով կարող է հիփոթեքային վարկ չտրամադրվել, քանի որ վերջինս բանկերի կողմից ռիսկային գործոն է համարվում:
«Իմ շրջապատում էլ կան շատ մարդիկ, երիտասարդներ, ովքեր պատրաստ են ձեռք բերել, եթե կանխավճարի տոկոսը նվազեցվի: Բայց այստեղ կա նաև վարկունակության հարց՝ արդյո՞ք նրանք այնքան վարկունակ են, որ կարողանան հիփոթեքային պայմանագիր կնքել»,-ասաց Սուրեն Պարսյանը:
Վարկունակ լինելու համար, ըստ երիտասարդ դաշնակցականի, օրինակ՝ 190 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձի մեծությունը բավարար չէ հիփոթեքային վարկ ձևակերպելու համար, և ոչ մի բանկ նրան այդ աշխատավարձով բնակարանի վարկ չի տա:
Եվ երկրորդ, անգամ 400 հազար ՀՀ դրամ ստանալու դեպքում երիտասարդին չի տրամադրվի վարկ, եթե նախկինում նա ուշացրած վարկեր ունենա, «սև ցուցակում» լինի։
Հիշեցնենք, որ կախված տարբեր ծրագրերից` Հայաստանում բնակարանի համար հիփոթեքային վարկեր տրամադրվում են 10-30 տոկոս կանխավճարով:
Երեկ, օրինակ, «Ավան-6» բնակարանային համալիրի շահառուների վարկավորման ծրագրի մեկնարկին բնակարանաշինական ծրագրերի համակարգող Արսեն Քարամյանը, ներկայացնելով ծրագիրը, ասաց, որ բացառիկությունն այն է, որ պայմանագիրը կնքվում է ՀՀ դրամով, որևէ կերպ այն բեկման ենթակա չէ և տոկոսադրույքը բացառիկ է՝ 7.95։ Կախված շահառուի վարկունակությունից` 10-20 տոկոս կանխավճարով:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտից ԱԺ սոցիալական հարցերի և առողջապահության, մանկության և մայրության հարցերի մշտական հանձնաժողովների կողմից անցկացված «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017 թվականների ազգային ծրագրի» հասարակական լսումների ժամանակ հայտարարվեց, որ ծրագրի ներդրմամբ երիտասարդ ընտանիքները հնարավորություն կունենան առանց կանխավճարի հիփոթեքով բնակարան ձեռք բերել, քանի որ հիփոթեքային վարկը տրամադրվում է առնվազն 10 տարի մարման ժամկետով, 10.5-11 տոկոսով, որից 2 տոկոսը սուբսիդավորում է պետությունը (վարկառուի համար վարկի տոկոսը փաստացի կազմում է 8,5-9 տոկոս:
Այնդուհանդերձ, հասարակական լսումներին մասնակցած շատ բանախոսներ հայտարարում էին, որ սույն նպատակային ծրագիրը հասանելի չէ երիտասարդության լայն շերտերին, որի պատճառներից են չափորոշիչները, հատկապես՝ կանխավճարի չափը:
Ենթադրենք՝ բնակարանի առավելագույն արժեքը կազմում է 15 մլն. դրամ, ակնհայտ է, որ երիտասարդ ընտանիքը, պարտավորված լինելով վճարել 10-30 տոկոս կանխավճար, մինչև մի քանի միլիոն դրամի ներդրումներ պետք է անի:
Սուրեն Պարսյանն ասում է, որ կա ՀՀ վարչապետի հանձնարարական` վերանայել այդ 30 տոկոսը, և հիմա Կենտրոնական բանկը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը զբաղվում են այդ հանձնարարականի կատարմամբ:
«Սակայն սա միայն կառավարությունը չի կարող որոշել։ Այդ հարցը պետք է քննարկվի բանկերի հետ, քանի որ բանկերի մոտ առաջանում են լրացուցիչ ռիսկեր` կանխավճարի նվազեցման դեպքում»,-ասաց երիտասարդ դաշնակցականը:
Ըստ տնտեսագետ Ատոմ Մարգարյանի` 30 տոկոս կանխավճարը բանկերի կողմից ընդունված ստանդարտ է, անկախ նրանից՝ երիտասարդ ընտանի՞ք են, թե ոչ:
Tert.am-ի հետ զրույցում Ատոմ Մարգարյանը, մասնավորապես, ասաց. «Ինչ վերաբերում է կանխավճարի ինստիտուտին, որպես հիփոթեքային վարկի էլեմենտ, դա ընդունված է, ստանդարտ է, անկախ նրանից՝ երիտասարդ ընտանի՞ք են, թե ոչ: 30 տոկոսը բանկերի կողմից ընդունված նվազագույն ստանդարտ է, բայց դա տարածել երիտասարդ ընտանիքների վրա, իհարկե, այնքան էլ ճիշտ չէ` ելնելով Հայաստանում առակա ժողովրդագրական վիճակից: Եթե մենք լայն կոնտեքստում ենք նայում, 30 տոկոսը պետք է լիներ 10 տոկոս, բայց հասկանալի է, որ բանկն այդ աստիճանի ռիսկեր իր վրա չի կարող վերցնել: Այդ կարգի ռիսկերն իր վրա կարող է վերցնել պետությունը»:
Ատոմ Մարգարյանի խոսքով` տարբեր երկրներում, այդ թվում՝ նաև Իսրայելում տարբեր տեսակի ֆոնդեր են ստեղծվում, և պետությունը կիսում է բանկի ռիսկը: Նրա խոսքով, օրինակ՝ «պետությունը կարող է անտոկոս վարկավորում իրականացնել 30 տոկոսի կեսի չափով, եթե միևնույն ժամանակ բանկերը չեն ցանկանում նվազեցնել կանխավճարի չափը»:
Դիտարկումը, թե այլընտրանքային ուղիներ ցույց տալը տնտեսագետի կողմից վկայո՞ւմ է այն մասին, որ, այնուամենայնիվ, ոչ մի երիտասարդ 30 տոկոս կանխավճար չի կարող վճարել, Ատոմ Մարգարյանն առաջարկում է չընդհանրացնել: Այսինքն` դա պայմանավորված է ոլորտներով. «Օրինակ, ՏՏ ոլորտի երիտասարդները կարող են, նրանք բարձր վարձատրություն ունեն: Ովքեր 300 000-ից ավելի աշխատավարձ են ստանում, կարող են դիմել այդ քայլին, սակայն բարդ է միանգամից 30 տոկոս կանխավճար վճարելը»:
Տնտեսագետի խոսքով՝ երիտասարդին բնակարան ձեռք բերելու հարցում կարող է օգնել նաև այն կազմակերպությունը, որտեղ նա աշխատում է։ Ուստիև՝ առաջարկում է որոշակիորեն վարկավորել և ընտանիքներին տալ բնակարան ձեռք բերելու հնարավորություն՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «եթե մարդն ունի սեփական բնակարան, ավելի ոգևորված ու կազմակերպությանը նվիրված է աշխատում»:
Աղբյուրը՝ Tert.am