«Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնում է, որ իրեն բնավ չեն հետաքրքրում հարցումները և թե ով ինչ է ներկայացնում. «Միայն կարող եմ ասել, որ ժողովուրդը կողմնորոշվում է, և ես կուղղորդեմ նրանց»: Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ եթե լինեն արդար ընտրություններ, ապա փետրվարին Հայաստանը կունենա նոր «դեյուրե» նախագահ. «Այլապես մենք կգնանք դեպի կործանում»:

Նախագահի թեկնածուն  ևս մեկ անգամ  ընդգծեց, որ հարգում է բոլոր թեկնածուներին.«Բոլորն էլ ավանդ ունեն մեր պետականության հիմնադրման և զարգացման մեջ,նույնպես և չմասնակցողները: Սերժ Սարգսյանից սկսած բոլորն իրենց տեղն ունեն: Սակայն նա և իր նախորդները պատասխանատու են արտագաղթի համար»:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանին, նշեց , որ վերջինս օրերի հարցում հաղթել է իրեն.«Երբ նայեցի նրա աչքերին, հիշեցի ինձ: Կոչ եմ անում, որ նա դուրս գա հացադուլից»:

Թե ինչքանով ձեռնտու կլինի ընտրությունների հետաձգումն իրեն, Րաֆֆի Հովհաննիսյանը չպատասխանեց, միայն նշեց, որ Պարույր Հայրիկյանն ինչ էլ որոշի, նա կհարգի այդ որոշումը:

Նախագահի թեկնածուն հայտարարեց նաև, որ հանդիպումներ է ունեցել Հրանտ Բագրատյանի հետ, բայց միասնական թեկնածուի մասին իրենք խոսակցություն չեն ունեցել: