Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվել է չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը:
Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Реклама 27Նշվում է, որ տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ չեզոք գոտուց ադրբեջանցիների դիերի դուրս բերման գործընթացը չի իրականացվել Բաքվի մեղքով։
Ավելի ուշ Tert.am-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել էր, որ ադրբեջանական կողմը երեկ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունը խախտելու փորձ է արել և դրա համար չի կարողացել ստանալ չեզոք գոտում գտնվող իր դիակները: