«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գեներալ–մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):
– Պարոն գեներալ, վերջին օրերին լարված իրավիճակ է շփման գծում, փորձագետները չեն բացառում լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք իրավիճակը։
– Իրենք գործողություններ իրականացրին, որոնք ձախողվեցին։ Հիմա էլ վատ քարոզչության փորձեր են անում՝դիակների հետ կապված։ Լարվածությունն ինչպես կա, այնպես էլ կմնա, բայց լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հնարավորություն չեմ տեսնում։ Քանի օր է՝ տարբեր մեկնաբանություններ եմ լսում, թե պատերազմ կլինի, ապրիլյան պատերազմի շարունակությունը և այլն, բայց ես այդպես չեմ կարծում։ Այն ժամանակ Ադրբեջանին Թուրքիան ստիպեց, որ գնա նման գործողությունների, բայց հիմա չեմ կարծում, թե ստիպի։ Ոչ ոք չի ստիպում, ու ոչ ոք չի թողնի Ադրբեջանին նման գործողությունների գնալ։ Ինչպես Լավրովն ասաց՝ դա շատ պետություններից է կախված՝ Ֆրանսիա, Ռուսաստան, Ամերիկա, Թուրքիա։
Այսինքն՝ իմ կարծիքով՝ այսպիսի լարված իրավիճակներ կլինեն, բայց լայնամասշտաբ գործողություններ՝ ոչ։ Դիվերսիոն փորձեր շատ կլինեն, բայց հիմա մեր սահմանների վիճակը շատ է կարգավորվել, Ադրբեջանը շուտով կհասկանա և մի քանի ամսից այդ դիվերսիաներն էլ չի անի։
– Հայկական կողմն ի՞նչ գործողությունների պետք է դիմի՝ բացի պաշտպանողական քաղաքականությունից։
– Մեր պետական ծրագիրը խաղաղ պայմաններով, բանակցություններով հարցի լուծումն է։ Մի կողմից՝ ճիշտ է, բայց Ադրբեջանի հետ ի՞նչ բանակցություն։ Չես հասկանում՝ ի՞նչ են խոսում, ո՞նց են մտածում, ի՞նչ են ընդհանրապես անում։ Կարևորը մեր աչքերն ու ականջները սրենք ու նայենք, թե իրենց գործողությունները որոնք են, որպեսզի կարողանանք այնպիսի հարված տալ, ինչպես մի քանի օր առաջ։
– Հայաստանյան քաղաքական դաշտի մի մասը փոխզիջումներով կարգավորման կողմնակից է։ Բայց այս պարագայում դա ինչքանո՞վ է հնարավոր, երբ հակառակորդի ախորժակը շատ ավելի մեծ է։
– Իրենց փոխզիջում ասածը սաղ հետ վերցնելն է ու մի քիչ էլ Հայաստանի տարածքներից, իրենք ասում են՝ Երևանն էլ է իրենցը։ Մամեդյարովին ու Ալիևին չես կարող հասկանալ։ Չգիտեմ՝ այս դեպքում ի՞նչ փոխզիջումների մասին են խոսում։ Իրենք շուտով շատ ավելի կուժեղանան, իմ կարծիքով՝ Ալիևը իր զոքանչին պաշտպանության նախարար կնշանակի, ու մեր գործերը շատ վատ կլինեն։
Նյութի աղբյուրը՝ 1in.am