Օրեր առաջ համացանցում քննարկումների մեծ ալիք էին բարձրացրել այն լուրերը, թե իբրև դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանն ու դերասանուհի Աննա Հարությունյանը սիրավեպ ունեն: Այս մասին լրատվամիջոցներից մեկի հետ խոսել է Միքայել Պողոսյանը՝ հերքելով այդ ամենն ու նշել, որ եթե իրեն տեսնում են որևէ դերասանուհու հետ, դա դեռ ոչինչ չի նշանակում: «Մենք ընկերներ ենք և այժմ էլ աշխատում ենք նոր սցենարի վրա: Պետք է նշեմ, որ իմ նախորդ «Լորիկ» ֆիլմի խմբագիրը կրկին Աննան էր, որը հետաարտադրական փուլում է»,- ասել է դերասանը:
Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհի Աննա Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ սովորաբար չի պատասխանում անձնական հարցերի, սակայն այս դեպքը բոլորովին այլ է.
«Այս անգամ ես պարտավոր եմ մեկնաբանություն տալ, քանի որ մենք գործ ունենք մի անձնավորության հետ, ով հարգված է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհի հայության շրջանում: Ես պատիվ ունեմ ասելու, որ նա իմ ավագ ընկերն է: Շատ վատ եմ զգում, որ իմ պատճառով այդ մարդու անվան կողքին կարող է թեկուզ փոքրիկ բիծ հայտնվել: Այս ամենն ինձ համար շատ ցավալի է»:
Այն հարցին` արդյո՞ք իրենց կարծիքով` սա ինչ-որ մեկի կողմից պատվիրված հոդված էր, Աննան ասաց, որ կյանքում որևէ մեկին վատություն չի արել, այդ պատճառով էլ չի կարծում, որ սա ինչ-որ մեկի պատվերն է:
«Ես փորձում եմ իմ կյանքն ապրել այնպես, որպեսզի ինձ համար ամենակարևոր աստվածաշնչյան խորհուրդը պահպանեմ, այն է՝ դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին: Ես չեմ կարծում, որ իմ կյանքի ընթացքում ես որևէ մեկին վատություն եմ արել, այն էլ` մտադրված: Այդ իսկ պատճառով էլ չեմ պատկերացնում, որ որևէ մեկը մտադրված վարկաբեկում է ինձ: Ես կարդացել եմ այդ նյութի տակ արված բոլոր մեկնաբանությունները, և բարեբախտաբար, մարդկանց մեծամասնությունը, ովքեր ծանոթ են եղել իմ գործունեությանն ու ինչ-որ չափով պատկերացում ունեն իմ մասին, ոչ մի տհաճ մեկնաբանություն չեն գրել, հակառակը` պաշտպանել են, ինչի համար շատ շնորհակալ եմ: Ինչպես արդեն նշեցի, Միքայել Պողոսյանն իմ ավագ ընկերն է, ումից ես սովորում եմ, և ում հետ ամեն վայրկյան շփվելը իմ կրթության ու կարդացած գրքերի համագումարն է: Ես երիտասարդ եմ, և եթե ինձ վատաբանեին, ես կփորձեի փնտրել պատճառն իմ մեջ, բայց և լռությամբ կպատասխանեի, սակայն այս դեպքում ես չեմ կարող լռել, որովհետև մենք գործ ունենք մի մարդու հետ, որի հարգված ու սիրված լինելու մասին ես չպետք է խոսեմ: Միշտ էլ ասել եմ, որ ճշմարտությունը ապացույցների կարիք չունի: Ինչպե՞ս կարող ես լցնել բաժակը, եթե այն արդեն լիքն է: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ծով համբերություն ունեմ և բնավ էլ չեմ չարանում այս ամենից, սակայն կարծում եմ, որ մեր երկրում կան ավելի կարևոր հարցեր, քան նրանք, ովքեր բարձրացվում են, օրինակ` գործազրկությունը»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Աննա Հարությունյանը:
Նյութի աղբյուրը՝ Asekose.am